կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 11:39
Իրավական

Փոստային ծանրոցում որպես կոմբայնի պահեստամաս հայտարարագրված բեռում հայտնաբերվել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրանյութ. ՊԵԿ

Փոստային ծանրոցում որպես կոմբայնի պահեստամաս հայտարարագրված բեռում հայտնաբերվել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրանյութ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայնի «Կարգո» բեռնային համալիրում մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ա.Հ.-ի անունից Կանադա արտահանվող սուրհանդակային առաքանին: Մաքսանենգները փոստային առաքանու միջոցով փորձել են իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցը չի վրիպել վարչության աշխատակիցների տեսադաշտից: Նախապես պատրաստված թաքստոցը բացահայտվել է: Մաքսային զննման ընթացքում որպես կոմբայնի պահեստամաս հայտարարագրված առաքանում առկա մետաղական, գլանաձև երկու դետալների միջից հայտնաբերվել են 2528 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող, մուգ շագանակագույն, սուր հոտով երկու գլանաձև զանգվածներ:

Փաստի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ հնարավոր այլ անձանց ներգրավավծության փաստը պարզելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: