Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումը հրավիրված մամուլի ասուլիսում բարձր գնահատեց և նշեց, որ իրենց բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության և կառուցողական երկխոսության մթնոլորտում:
«Ունեցանք արդյունավետ քննարկում, անդրադարձանք Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակին: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ: Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի` Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հանդիպման ընթացքում խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ Հայաստանն այդ հարցում մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում` ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող աջակցության համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը. երկուստեք նշվել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը: Վարչապետի խոսքով` տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է Հայաստան-ԵՄ զարգացմանը, այլև օգնելու է Հայաստանի իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Այս առումով, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները ԵՄ համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը:
«Մենք անդրադարձանք մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին: Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում` հատկապես միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից: Ես դիմեցի պարոն Տուսկին ԵՄ անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Արևելյան գործընկերությանը, որն այս տարվա մայիսին նշեց իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:
«Մենք զրուցեցինք նաև տարածաշրջանային խնդիրների մասին: Երախտագիտություն հայտնեցի ԵՄ-ի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը պաշտպանելու համար: Համոզվածություն հայտնեցի ԵՄ-ի այս կեցվածքի շարունակականության հարցում»,- ասաց Փաշինյանը: