Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները: Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ ունեցած հանդիպումը:
Նա մասնավորապես նշեց.
«Նախ ուզում եմ մեկ անգամ եւս ողջունել եղբայրական վարչապետին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Մեծարգո պարոն վարչապետ, բարով եք եկել Հայաստան: Օգտվելով այս պատեհ առիթից՝ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել ձեզ, պարոն Գախարիա, Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ՝ Վրաստանում նկատել են, որ ՀՀ վարչապետի պաշտոնում իմ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերություններն սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, ակտիվ եւ անկեղծ շփումներով, մեզ հուզող հարցերի շուրջ անմիջական եւ վստահելի երկխոսությամբ:
Այս ամենն արտահայտում է իմ այն համոզմունքը, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին արտագնա այցը կատարեցի հենց Վրաստան: Ուրախ եմ, որ մեր շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը, ինչպես նաեւ ձեր ներկայիս այցը, պարոն վարչապետ, խոսում են այն մասին, որ Վրաստանը եւս առանձնահատուկ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին:
Կարեւոր եւ արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցությունները, որոնք եւս մեկ անգամ փաստեցին հարաբերությունների առկա բարձր մակարդակն ու դրանց հետագա զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստակամությունը:
Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը: Պետք է նշեմ, որ մեր երկկողմ օրակարգն այնքան լայն եւ հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը: Երկուստեք բարձր գնահատեցինք երկարատեւ ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը: Վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի՝ 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները:
Շատ կարեւոր է, որ շրջանակներում անցկացվեր նաեւ հայ-վրացական գործարար համաժողով, ինչն իր հերթին կարող էր լայն հնարավորություններ բացել մեր երկրների առեւտրատնտեսական համագործակցության համար: Կարեւորեցինք տրանսպորտային եւ էներգետիկ ծրագրերի նշանակությունը, ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության տեսանկյունից:
Միակարծիք ենք երկկողմ հումանիտար կապերի խորացման հարցում: Այս առումով կարեւոր է պահպանել երկկողմ շփումների ակտիվությունը: Ընդգծեցինք նաեւ միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարեւորությունը՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ ներգրավվող ջանքերը:
Տիկնայք եւ պարոնայք, ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորգույն խնդիրներից է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության մթնոլորտի ձեւավորումը: Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից:
Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին: Համակարծիք ենք, որ դրանց համապարփակ եւ տեւական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքներին, սկզբունքներին համապատասխան»: