կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-27 15:11
Քաղաքական

Կա նպատակ` եկող տարի հաստատել ուղիղ չվերթ ՀՀ-ի և Մալթայի միջև. Կարմելո Աբելա

Կա նպատակ` եկող տարի հաստատել ուղիղ չվերթ ՀՀ-ի և Մալթայի միջև. Կարմելո Աբելա

Հունիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստան է այցելել  Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան, որի շրջանակներում տեղի է ունեցել նրա հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որից հետո  կողմերը հանդես եկան  համատեղ մամուլի ասուլիսով։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ Կարմելո Աբելայի հետ քննարկել են հարցեր՝ կապված ՀՀ-ԵՄ օրակարգի հետ՝ շնորհակալություն հայտնելով Մալթայի կողմից դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը վավերացնելու համար: «Մենք խոսեցինք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու հարցի շուրջ, Մալթան շատ դրական է տրամադրված այս հարցում: Առավել խորացանք երկկողմ օրակարգի ուղղությամբ, պետք է արձանագրենք, որ մեր առևտրային շրջանառությունն այդքան տպավորիչ չէ, բայց մենք կարողացանք ի հայտ բերել բազմաթիվ ոլորտներ, որի ուղղությամբ աշխատելու մեծ հետաքրքրություն ունենք: Բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն, խելացի զարգացման այն փորձն ու օրինակները, որ մենք ունենք, շատ լավ հիմք է աշխատելու Մալթայի հետ, որն ունի իր տպավորիչ փորձը: Խոսեցինք նաև այլ ոլորտներից՝ խելացի գյուղատնտեսություն, գյուղատնտեսական արտադրանք և այլն: Մենք հույսով ենք, որ կկարողանանք կապել մեր երկրները և ունենալ նաև սեզոնային թռիչքներ, կարծում եմ, որ այս առումով կարող ենք ունենալ արդյունք»,-մանրամասնեց Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարը հավելեց, որ քննարկել են նաև անվտանգային հարցեր, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդիրը: «Եղավ մտքերի փոխանակում, ես առիթ ունեցա ներկայացնելու ՀՀ դիրքորոշումները»,-շեշտեց նա:

Իր հերթին Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան վստահեցրեց՝  Հայաստանը և Մալթան գերազանց հարաբերություններ ունեն՝ շեշտելով, որ ինչպես իր նախորդ, այնպես էլ այս այցի շրջանակում ստորագրվել են տարբեր համաձայնագրեր, որոնք դարակներում չեն մնա։

Նա համաձայնեց Զոհրաբ Մնացականյանի հետ՝ Մալթայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը բացարձակ տպավորիչ չէ, ուստի պետք է նոր հնարավորություններ տալ երկու երկրների գործարար համայնքներին՝ ստեղծելով նրանց համար հանդիպումների և փորձի փոխանակման հարթակներ։ «Ինչ վերաբերում է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրին, ապա այն արդեն վերջնական տեսքի է բերվել և մեր հաջորդ հանդիպմանը կստորագրվի, ինչը շատ կարևոր տարր  է, երբ խոսքը վերաբերում է ՀՀ-ի և Մալթայի միջև առևտրային հնարավորություններին: Հաջորդ խնդիրը փոխկապակցվածությունն է, կա նպատակ եկող տարի հաստատել ուղիղ չվերթ՝ երկու երկրների միջև»,-ասաց  Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան։