կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-23 23:02
Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին

Կաթողիկոսն ընդունել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին

 Հոկտեմբերի 23-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և ՀՀ-ում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանի:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով պրն. Ֆրա Մեթյու Ֆեստինգին և նրան ուղեկցող անձանց, նշեց, որ իր հայրապետության ընթացքում բազմիցս առիթներ է ունեցել տարբեր միջոցառումների և հոգևոր արարողությունների ժամանակ ընդունելու Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի դեսպաններին ու ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը պատմության ընթացքում մեծ ծառայություններ է մատուցել մարդկությանը և այսօր էլ շարունակում է իր օգտակարությունը բերել տարբեր ոլորտներում:

Խոսելով Ուխտի և Մայր Աթոռի միջև առկա կապերի մասին՝ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձ կատարեց միջեկեղեցական հարաբերություններին՝ փաստելով, որ Հայ Եկեղեցին մշտապես սերտ կապեր է ունեցել Քույր Եկեղեցիների հետ, որոնք ներկայիս ևս շարունակում են զորանալ ու զարգանալ:

Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատմությանն ու դերակատարությանը՝ Նորին Սրբությունը մասնավորապես ընդգծեց քրիստոնեական հավատքի վրա խարսխված այն զորեղ հավատքն ու անկոտրում ոգին, որով հայ ժողովուրդը դիմագրավել է պատմության ընթացքում իր առջև ծառացած մարտահրավերներն ու փորձություններն և կերտել իր հաղթանակները:

Նորին Վսեմություն իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգն իր հերթին ուրախություն հայտնեց Մայր Աթոռ այցի առիթով, Հայոց Հովվապետին ներկայացրեց Ուխտի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը։  Պրն․ Ֆեստինգը նաև պատրաստակամություն հայտնեց շարունակելու համագործակցությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ վարպետը կարևորեցին սոցիալական ոլորտում իրականացվող մարդասիրական ծրագրերը։ Մասնավորապես խոսվեց Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների համար կեցության համապատասխան պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության պատճառով վիրավորվածներին և տուժածներին հոգատարություն ու խնամք ցուցաբերելու անհրաժեշտության մասին։

Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը շարունակի նույն նախանձախնդրությամբ և ավյունով ամենուրեք օգտաշատ ծառայություններ մատուցել տառապանքի, կարիքի և ցավի մեջ գտնվող անձանց»: