կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-08 12:46
Իրավական

Աբովյանի քաղաքապետի թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Աբովյանի քաղաքապետի թեկնածուի ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:  46 ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ Նախաքննությունը շարունակվում է»,- գրել  է Հարությունյանը:

 Դեպքի առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ այդ արարքը զազրելի ոտնձգություն է ընտանիքի և սեփականության նկատմամբ:

«Սա չի տեղավորվում ոչ միայն օրինականության, այլ նաև` բարոյականության ու բանականության սահմաններում. վստահ եմ՝ իրավապահ մարմինների` կեսգիշերին մեկնարկած գործողությունների արդյունքները շատ չեն ուշանա։ Աբովյանում չի՛ կարող լինել վախի մթնոլորտ և անպատժելիության իմիտացիա: Դեպքը տեղի է ունեցել ՔՊԿ թեկնածուի` ենթաշտաբերից մեկի պետի հետ»,- գրել է նա:

Նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետն է: