Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-06-06 17:09
Հասարակություն

Հայը մեկն է`անկախ իր ծագման աշխարհագրությունից. «Այլընտրանք» ՀԿ-ի ակցիան`ի զորակցություն Արցախի

Հայը մեկն է`անկախ իր ծագման աշխարհագրությունից. «Այլընտրանք» ՀԿ-ի ակցիան`ի զորակցություն Արցախի

Այսօր ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունն ակցիա է իրականացրել` ի զորակցություն Արցախի բնակչության, Արցախի օրինական իշխանությունների և «Մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտի:

Ակցիայի կազմակերպիչները կոչ արեցին «հայաստանյան բոլոր ուժերին, որ իրենց ներքաղաքական ինտրիգներից զերծ պահեն Արցախը, հասկանան ու գիտակցեն, որ այս պահին մենք ունենք մեկ ազգ և երկու պետություն, և չի կարելի անհեռատեսորեն խաթարել այդ միասնականությունը»:

Հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանի խոսքով` վերջերս տարածում է գտել բաժանարար քաղաքականություն` և’ պետական, և’ հասարակական մի շարք սեկտորներում: «Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք մտահոգված են ազգային արժեքներով, ոչ թե` քաղաքականությամբ: Մեզ համար չկան ներազգային բաժանումներ: Քաղաքական գործիչներն այսօր կան, վաղը չկան, հերթականությամբ փոխվում են: Բայց կա մեկ ազգ, մեկ մշակույթ, որի պահպանության  համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ ու պահանջում ենք բոլոր բաժանարար գործունեություն տարածողներից` թարգել նման գործողությունները և լծվել ագգային արժեքների տարածմանն ու ազգային քարոզին»,- հայտարարեց նա:

«Այլընտրանք» ՀԿ-ի ներկայացուցիչները շենքի առջև իրականացրած ակցիայից հետո իրենց ուղերձը հանձնեցին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանին: Նամակում մասնավորապես նշված էր. ««Այլընտրանք» ՀԿ-ի ներկայացուցիչները` մտահոգված լինելով վերջերս Հայաստանի հասարակության տարբեր մակարդակներում տարվող հայաստանցի-արցախցի տարանջատման ազգակործան գործունեությամբ, իրենց զորակցությունն են հայտնում Արցախի ժողովրդին և Արցախի օրինական իշխանություններին` ի դեմս նախագահ Բակո Սահակյանի: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում և հավաստիացնում, որ, անկախ քաղաքական տարաբնույթ վայրիվերումներից, մենք միշտ կանգնած ենք Արցախի կողքին, հարկ եղած դեպքում` նաև զենքով: Գիտակցելով այսօրվա Արցախի Հանրապետության` առանձին պետություն լինելու դիվանագիտական կարևորությունը` փաստում ենք, որ այսօր կա 2 պետություն, բայց չկա 2 ազգ: Հայը մեկն է`անկախ իր ծագման աշխարհագրությունից: Մենք, հավատարիմ մնալով մեր գաղափարին, հայտնում ենք, որ թույլ չենք տալու և պայքարելու ենք մեր 2 հայկական պետությունների միջև սեպ խրող երևույթների դեմ»:

Ի պատասխան ներկայացված ուղերձի` Կառլեն Ավետիսյանը ՀԿ-ի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մենք ընդմիշտ պետք է հիշենք` ինչից ենք սկսել մեր պայքարը 1988 թվականին` միացում, միասնական գաղափարից: Հետո քաղաքական իրադարձություններն այնպես զարգացան, որ այսօր ունենք այն, ինչ ունենք` մեկ հայրենիք`2 հանրապետությունների տեսքով, բայց ամենուր, ինչպես Ջավախքում, այնպես էլ Արցախում  Մայր Հայաստանը մեկն է: Այսինքն` բոլորս մի հայրենիքի զավակներն ենք»,- նշեց նա`ցանկություն հայտնելով ավելի շատ խոսել միավորիչ գաղափարների մասին:

Ըստ նրա` «Ֆեյսբուք»-ը հզոր ուժ է, որը կարող է ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեցող ազգերին տանել նոր բարձունքների, կարող է նաև կործանել նրանց, ովքեր չեն կողմնորոշվում այդ ինֆորմացիայի հորձանուտի մեջ: «Շատ ժամանակ այդ կեղծ թեզերը կարող են նաև հասարակությանը նետվել դրսից, առավել ևս, որ մեր հասարակությունը`ազգային բնույթի տեսանկյունից, մնացած երկրների նման չէ, որպեսզի կարողանա հեշտ բաժանել իր գաղափարները: Դրա համար նետվում են սին գաղափարներ, որոնց հետևից կարող են գնալ մարդիկ, որոնք ճիշտ չեն կողմնորոշվում»,- ասաց Ավետիսյանը`միևնույն ժամանակ դիմելով լրատվամիջոցներին` պատերազմ հայտարարել նմանատիպ թշնամանք տարածողներին, հայհոյողներին ու զրպարտողներին`անկախ հանգամանքից` դա իշխանության, թե` ընդդիմության պաշպանության դիրքերից է:

Կառլեն Ավետիսյանը նշեց նաև, որ ինքը Հայաստանում զգում է իրեն, ինչպես իր հայրենիքում: «Մեր հայրենիքում`անկախ նրանից` Հայաստանում է, Արցախում է, սահմանամերձ գոտիներում է, Գյումրիում է, բոլորը պետք է լինեն պաշտպանված հավասարապես: Մեր հայրենիքը մեկն է` և’ քաղաքականապես, և’ մարդու իրավունքների տեսանկյունից: Բոլորս պետք է պաշտպանված լինենք, և մեզ միավորողը պետք է լինի ընդհանուր գաղափարը, այն է` թշնամին գտնվում է սահմանից այն կողմ, մենք ներսում ոչ մի թշնամի չունենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է դավադրության տեսություններին, ապա Կառլեն Ավետիսյանը դրանք լուրջ չի ընդունում: «Լուրջ չեմ ընդունում այն հայտարարությունները, որով մեր քաղաքացիները հանդես են գալիս: Մենք պետք է կենտրոնանանք միավորիչ գաղափարների վրա, իսկ միավորիչ գաղափարը Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, մեր հայրենիքի պաշտպանությունը: Նման բաժանարար գաղափարախոսություններ տարածող մարդկանց գնահատականները կտա հասարակությունը: Վերջիվերջո, օվկիանոսը փոթորկվելուց հետո հանդարտվում է, տիղմը նստում է հատակին, և ամեն ինչ պարզվում է: Մենք մոտեցել ենք այդ եզրագծին ու պիտի կանգ առնել ու մտորել»,- ասաց Արցախի ներկայացուցիչը: