կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-05 10:37
Հասարակություն

Ապրիլյան պատերազմի հանգա­մանքներն ուսումնասիրող հանձնաժո­ղովը դառնալու է ազդեցու­թյան գործիք՝ ըստ քաղաքական նպատա­կահարմարության. «Փաստ»

Ապրիլյան պատերազմի հանգա­մանքներն ուսումնասիրող հանձնաժո­ղովը դառնալու է ազդեցու­թյան գործիք՝ ըստ քաղաքական նպատա­կահարմարության. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. « Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգա­մանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժո­ղով ստեղծելու անհրաժեշտության մասին մա­յիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադար­ձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: Ընդ որում, վարչապետն այդ խնդրին անդրադար­ձել էր դատական ռեֆորմի համատեքստում ունեցած ելույթի ժամանակ, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում խնդրին: 


Մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամա­վորների ստորագրությամբ ստեղծվել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնա­ժողովը նախօրեին գումարել է իր անդրանիկ նիստը, ու կարծում եմ՝ դեռ վաղ է գնահատա­կաններ տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է աշխատելու խորհրդարանական այս ինստիտուտը: Սկզբունքային հարցը թերևս այն է, թե մինչև ուր կհասնեն հանձնաժողովի ուսումնասիրությունները: 

Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմի հետ կապված, այս­պես կոչված, «դավադրության տեսությունը» ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին աս­պեկտ, ու հիմա սկզբունքային է այն հարցը, թե արդյոք Ա. Քոչարյանն ու իր գործընկերնե­րը կուսումնասիրեն նաև 2016-ի պատերազմը ծնող արտաքին գործոնները, թե՞ կսահմանա­փակվեն միայն ներքին բաղադրիչով՝ կաս­կածներ ծնելով, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իշխանության ներքաղաքական օրակարգ սպասարկելու նպատակով:

Սակայն հանձնաժողովի գործունեությանը, դրա բովանդակությանն անդրադառնալու բազմաթիվ առիթներ դեռ կունենամ: Հիմա ավելի սկզբունքային է այս համատեքստում քննարկել խորհրդարանական մեծամասնու­թյան, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարցը:

Քառօրյա պատերազմի հետ առնչվող հար­ցերի համապարփակ քննությունը կարող է արժանահավատ լինել ու ունենալ լեգիտիմություն, եթե գոյություն ունի քաղաքական ուժերի լայն կոնսենսուս: «Իմ քայլը» խմբակցությունն ի սկզբանե անտեսել է այս կարևոր հանգաման­քը՝  քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախա­ձեռնելով միայն իր պատգամավորների ստո­րագրություններով: 

Իհարկե, օրենքը նման ըն­թացակարգը չի արգելում, սակայն տարակու­սելի է, որ «Իմ քայլն» առաջնորդվում է ՀՀԿ-ի ֆորմալիստական իներցիայով՝ ըստ էության, երկրորդական համարելով խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցու­թյունների դիրքորոշումները, նրանց ներկայու­թյունը՝ առհասարակ: Սա բնավ չի խոսում խորհրդարանական ժողովրդավարական մշակույթի մասին: 

Մյուս կողմից՝ խորհրդարա­նական մեծամասնությունն իր նման վարքագ­ծով անուղղակիորեն ուղերձ է հասցեագրում, որ իրենից դուրս բոլորին համարում է «դավա­դիր» կամ նրանց գործունեության մեջ նման տարրեր է տեսնում: Սա ավելի է խորացնում կասկածները, որ ստեղծված քննիչ հանձնաժո­ղովը դառնալու է ոչ թե պատերազմի հետ կապված հանգամանքների համապարփակ ուսումնասիրության հարթակ, այլ՝ ազդեցու­թյան գործիք, որը, ըստ քաղաքական նպատա­կահարմարության, իշխանություններն օգտագործելու են ընդդիմախոսների դեմ:

Ի դեպ, ուշագրավ է, որ նման անհանդուր­ժողականություն խորհրդարանական մեծամասնությունը ցուցաբերում է նաև մյուս հար­ցերում, որոնք նույնպես քաղաքական ու հանրային կոնսենսուս են պահանջում»:

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: