Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր ՀՀԿ-ի իշխանությանը՝ ասելով, որ «նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում»:
Աշոտյանը պատասխանեց, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով: «ԱԺ-ն ինքնին քաղաքական մարմին է, այն չի տալու որևէ ավելի բան: Այն հանգամանքը, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ-ում՝ անկախ անդամներից, ենթադրում է, որ հարցն ինքնին քաղաքական է և մասնագիտական քննարկման առարկա չի դառնալու, որովհետև հանձնաժողովի ներկայիս կարողությունները ո'չ արտաքին քաղաքականության, ո'չ էլ անվտանգային ոլորտում մեծ հույսեր չեն ներշնչում: Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է որպես Նիկոլ Փաշինյանի ջոկեր, որը նա հանեց այն օրերին, երբ իր իշխանության մասով խնդիր կար, ուստի «գրպանից» հանեց դա, թե` դուք` տենց, ես էլ` սենց: Սա է՝ մանկապատանեկան ընկալումների մեջ տարվող պրոցես, որով Փաշինյանը երկու նապաստակ է ուզում խփել` առաջին՝ ստեղծել իր համար անհարմար մարդկանց նկատմամբ քաղաքական ճնշման լծակ, իսկ իր համար արդեն կոմֆորտային չեն Արցախի իշխանությունները, Սերժ Սարգսյանն էլ երբեք կոմֆորտային չի եղել, երկրորդ՝ պարբերաբար հանրային ուշադրությունը շեղել նման տեսակի քննարկումների ու բացահայտումների վրա: Տեսեք, որ Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության, դատական գործի և ապրիլյան պատերազմի քննող հանձնաժողով ստեղծելու հիմնավորումների բառապաշարը չի փոխվել, պարզապես «մարտի 1-ը» հանել են և դրել «ապրիլյան պատերազմ», և էլի խոսում են զոհերից, շահարկում նրանց հիշատակը»,- նշեց Աշոտյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու նպատակ էր հետապնդում: «Քննիչ հանձնաժողովը ձեր ցիտատից հետո կարող է Ռոբերտ Քոչարյանին լրացուցիչ քննարկման հրավիրել: Նրանք պարտավոր են հրավիրել նաև Նիկոլ Փաշինյանին և ստանալ պարզաբանում, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր, որ ՌԴ-ն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ»,- շեշտեց Աշոտյանը՝ հավելելով, որ կարող է հիշեցնել Փաշինյանի հայտարարությունները Լևոն-Տեր Պետրոսյանի, իր թիմակիցների և ոչ թիմակիցների մասին: Ըստ նրա՝ մեջբերումների կռիվն անշնորհակալ գործ է, և որ Քոչարյանը ժամանակին ՀՀԿ-ի մասով ավելի սուր արտահայտություններ է հնչեցրել:
Հարցին` Սերժ Սարգսյանը կհրավիրվի՞ քննիչ հանձնաժողով` բացատրություններ տալու, Աշոտյանը պատասխանեց, որ հանձնաժողովին աջակցելու ոչ մի հրավեր դեռ չեն ստացել:
Անդրադառնալով Քոչարյան-Սարգսյան հանդիպմանը և նրանց հնարավոր համագործակցությանը ընդդիմադիր դաշտում` նա ասաց, որ որևէ քաղաքական օրակարգ չի քննարկվել այդ հանդիպման ընթացքում, ավելին` այն, որ իրենք սատարում են Քոչարյանին, պետք է ընկալել ոչ թե շահերի համընկնում, այլ` որովհետև Քոչարյանի դեմ հարուցված գործը շինծու է:
«Այս պահին մեր թիմերի միջև ապագայում համագործակցելու ծրագրեր չկան: ՀՀԿ-ի սատարումը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է բազմաթիվ այլ հանգամանքներով, բայց ոչ քաղաքական ընդհանուր ապագայի տեսլականով: Նման գործընթաց անգամ Ռոբերտ Քոչարյանը չի հարուցել»,- նշեց Աշոտյանը:
Հակադարձմանը, որ Քոչարյան-Սարգսյան հանդիպումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը որոշակի սլաքներ ուղղեց Սերժ Սարգսյանի ուղղությամբ, Աշոտյանն արձագանքեց. «Ջանքերը, որոնք գործադրում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր քաղաքական համագործակցությունը կանխելու համար, ես տեսնում եմ: Հիշեցնել տարբեր ցիտատներ՝ տարբեր ժամանակներում միմյանց մասին արված` նշանակում է չգիտակցել, որ դրա պատասխանը տասնապատիկ մեծ է: Հանդիպումը մարդկային էր: Դուք ընկերներ ունե՞ք, նրանց մեջ կա՞ն այնպիսիք, որ գժտվել եք, հետո իմացել եք, որ գլխին սարքում են, փորձե՞լ եք օգնել՝ անկախ նրանից, որ նախկին մտերմությունը չկա, չե՞ք գնացել նրան տեսնելու: Հիմա այդ հանդիպումն ընկերական, մարդկային բացատրություն ունի ինձ համար, և որքան էլ երկրորդ և երրորդ նախագահներն են, քաղաքական գործիչներ են, բայց տակը մարդկային վերաբերմունք եմ տեսել, այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն այցելեց Լևոն Տեր-Պետրոսյանին վիրահատությունից հետո նրա առանձնատուն»: