կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-04 10:33
Հասարակություն

«Կորպորասիոն Ամերիկա»-ն պատրաստ է սկսել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները

«Կորպորասիոն Ամերիկա»-ն պատրաստ է սկսել «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները

Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը պատրաստ է սկսել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այս մասին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը:

«Մենք սկսել ենք համագործակցություն ճարտարապետների հետ և գրեթե պատրաստ ենք սկսել վերանորոգման աշխատանքները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2007-ին, ՀՀ կառավարությամբ որոշմամբ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը  կոնցեսիոն կառավարման է  տրվել «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը:

Արդեն «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի արագ և ամբողջ ծավալով գործարկումը կարևորեց՝ պայմանավորված ռազմավարական նշանակության մի քանի խնդիրներով:

«Օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ՀՀ-ն, ցավոք, իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ, և մենք նայում ենք ապագային ու ձևավորել ենք ապագայի օրակարգը: Այդ օրակարգում շատ կարևոր է, որ մենք, ի վերջո, հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը` ավիատոմսերի գների նվազմանը, որը շատ կարևոր է նաև Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք, իհարկե, ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ: Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում, ցավոք, տեղական ավիափոխադրողների գործունեությունն ու ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին, և սա մեզ համար համագործակցության հաջորդ ուղղությունը պետք է լինի, որ կարողանանք ստեղծել այնպիսի պայմաններ, որ կարողանանք ապահովել հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունը»,- ասաց Փաշինյանը: