Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշիի գրավումը շատ առանցքային դեր է կատարել հայ ազգի համար, որովհետև Շուշիի ազատագրումից հետո ադրբեջանցիների մեջքը ջարդվեց, իսկ հայերի ոգին այնքան բարձրացավ, որ պատերազմը հաղթեցին. այսօր լրագրողներին ասաց Արցախյան պատերազմի և Շուշիի ազատագրման գործողության մասնակից Միքայել Անդրեասյանը (օդաչու, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և «Արիության համար» մեդալ):
«Շուշին Ղարաբաղի սիրտ-ամրոցն է»,- ասաց նա` հավելելով` այն, որ 700 հոգով են գրավել այդ ամրոցը, իսկապես զարմանալի է:
Միքայել Անդրեասյանը հիշում է, որ Շուշիի ու Ջանհասանի բարձրունքներից հակառակորդը հրետակոծում էր Ստեփանակերտը: Եվ Շուշիի ազատագրման ժամանակ` մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, երբ տեսան, թե ինչպես է վառվում Ջանհասանը, «սրտներս հովացավ ու հանգստացանք»:
Օդաչուի խոսքով` իրենք այդ ժամանակ տեղափոխում էին թե' զենք-զինամթերք, թե' վառելիք, թե' զինվորներ: Ռիսկի են դիմել և 10 վագոն վառելիք, փուչիկների մեջ լցրած, տեղափոխել ռազմաճակատ, և եթե Աստված մի արասցե, կայծակ լիներ, այդ ինքնաթիռից անգամ փոշին չէր մնա:
«Մայիսի 9-ին խփեցին իմ ինքնաթիռը, բայց ես բարեհաջող վայրէջք կատարեցի, ոչ ոք չէր վիրավորվել, ինձանից բացի: Ողնաշարս էր վնասվել: Մեկ տարի պառկած էի»,- ասաց նա:
Ըստ օդաչուի` ներկայիս պատերազմը տեխնիկական առումով տարբերվում է նախորդից, հիմա համացանցով տիեզերքից կարելի է շատ բան կառավարել: Սակայն զինվորի դերը նույնպես առանցքային է, և մինչև զինվորը չքայլի այդ հողի վրայով, հնարավոր չէ գրավել այդ տարածքը:
«Կրակելով հող չեն վերցնում, պիտի քայլես ու քայլած տեղում էլ ամրություն սարքես ու հայտարարես. «Էս իմն ա»»,- ասաց Միքայել Անդրեասյանը: