Միասին կարող ենք
կարևոր
853 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-21 11:17
Հասարակություն

Գալչյանը ժխտում է ՊՆ պնդումը, թե 2021-ից հետո հայկական տարածքներում ադրբեջանական նոր դիրքեր չեն հայտնվել. «Փաստինֆո»

Գալչյանը ժխտում է ՊՆ պնդումը, թե 2021-ից հետո հայկական տարածքներում ադրբեջանական նոր դիրքեր չեն հայտնվել. «Փաստինֆո»

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը պնդում է, որ արբանյակային լուսանկարների վրա պետական սահմաններ չեն երևում։ Այս մասին նա ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի հրապարակած արբանյակային լուսանկարներին և այն պնդմանը, թե 2025 թվականի հուլիսի 30-ից հետո Վարդենիսի և Ջերմուկի հատվածում հայկական տարածքներում նոր ադրբեջանական դիրքեր են հայտնվել։

«Երբ նայում եք իրական արբանյակային լուսանկարներին, դրանց վրա սահմաններ չեն երևում, գծեր չկան։ Մենք այդտեղ նույնիսկ գծված սահման չունենք։ Երբ բացում եք Google-ը և որոնում Հայաստանը, այն ցույց է տալիս որոշակի սահմաններ, բայց դրանք հենց Google-ի կողմից գծված սահմաններ են և իրավական արժեք չունեն։ Պարոն Թաթոյանը ենթադրել է, որ այդ գիծը հենց սահմանն է և այդ հիմքով եզրակացրել է, թե որտեղ են կառուցվել դիրքերը։ Մինչդեռ ցույց տրված տեղում լուսանկարում որևէ բան չի երևում, այն մաքուր է, իսկ այլ հատվածներում տեսանելի են սպիտակ գծեր և շինություններ։ Google-ի քարտեզների հիման վրա հնարավոր չէ ճշգրիտ որոշել դիրքերի տեղակայումը՝ քանի որ նույնիսկ քարտեզի վրա մեկ միլիմետր շեղումը իրականում կարող է հարյուր մետրից ավելի տարբերություն տալ»,- ասաց նա։

Գալչյանի խոսքով՝ ներկայացված դիրքերը կարող են կառուցված լինել վերջին 2-3 տարիների ընթացքում՝ այն տարածքներում, որոնք Ադրբեջանի կողմից օկուպացվել են Հայաստանից։ Նրա խոսքով՝ խոսքը շուրջ 240 քառակուսի կիլոմետր տարածքի մասին է, որի վերաբերյալ նախկինում հայտարարություններ է արել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Ըստ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի այդ տարածքները Հայաստանին։ Հետևաբար հայկական կողմը պետք է բարձրացնի հարցը, թե երբ է Ադրբեջանը պատրաստվում ազատել այդ տարածքները»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե 2021 թվականից հետո հայկական տարածքներում ադրբեջանական նոր դիրքեր չեն հայտնվել, Գալչյանը նշեց, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։

«Եթե խոսքը վերաբերվեր 2023 թվականից հետո ընկած ժամանակահատվածին, կարելի էր քննարկել, բայց 2021 թվականից ասվածը ճիշտ չէ։ 2023 թվականի ամռանն են Ջերմուկի ուղղությամբ շուրջ 240 քառակուսի կիլոմետր տարածք գրավել Հայաստանից, և դրանից հետո մինչ այսօր իրավիճակը չի փոխվել»,- ասաց նա։

Գալչյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրի շրջանակում խոստացել է վերադարձնել այդ տարածքները։

«Այդ պայմանագրում, որը ստորագրվել է ԱՄՆ-ում, նշվում է, որ կողմերը պետք է վերադառնան Ալմա-Աթայի հռչակագրով սահմանված սահմաններին։ Այժմ հարցն այն է՝ արդյոք Ադրբեջանը կկատարի այդ պարտավորությունը։ Մինչ այս պահը, սակայն, այդ տարածքներում շարունակվում են դիրքերի և ճանապարհների կառուցման աշխատանքները»,- եզրափակեց նա։