Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունն ապագայում կարող է վավերացնել Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան (այսուհետ՝ Ստամբուլյան կոնվենցիա), որն ընդունվել է 11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում։
«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը կոնվենցիայի տարբեր դրույթներում թաքնված սպառնալիքներ է տեսնում՝ ուղղված ընտանիքի ինստիտուտի դեմ, ինչը, ըստ նրա, թաքցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
«Առաջին՝ նախարարությունը նշում է, որ ընտանիքի կոնցեպտի տեսանկյունից որևէ վտանգ չկա, որ իբր կոնվենցիան չի կարգավորում ընտանեկան կյանքը, կառուցվածքը, որ պետությունները ստիպված չեն լինելու փոխել ընտանիքի վերաբերյալ ավանդական պատկերացումները, սա կեղծիք է: Բացատրեմ՝ կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկերներ» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամների հետ: Օրինակ՝ հոդված 3-ում նշված է՝ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև` անկախ նրանից, թե արդյո՞ք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։ Այսինքն՝ զուգընկերները նույնացվում են ընտանիքի անդամների հետ, և «ընտանեկան բռնություն» համարվում է նաև զուգընկերների միջև բռնությունը, ընդ որում՝ նրանք կարող են լինել և՛ նույն սեռի, և՛ տարբեր: Ի դեպ, զուգընկերներ ազգականների մեջ էլ են լինում: Կոնվենցիայի մի շարք հոդվածներով` պետությունների առաջ պահանջ է դրվում, որ ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտպանելու զուգընկերներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց Այվազյանը:
Ըստ նրա՝ մեկ այլ կետով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, թե ընտանեկան արժեքները վտանգված չեն, մինչդեռ կոնվենցիայի 12-րդ հոդվածը սահմանում է՝ մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն նաև կանանց և տղամարդկանց վարքագծի սոցիալական, մշակութային վարվելակերպում փոփոխություններ մտցնելու նպատակով:
«Սա այն հաշվով, որ արմատախիլ արվեն նախապաշարմունքները, ավանդույթները, սովորույթները և մյուս բոլոր երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման վրա: Հիշեցնեմ, որ արևմտյան չափանիշներով ընտանիքի ավանդական մոդելը կամ ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերի բաշխումը որպես կարծրատիպ է դիտարկվում: Օրինակ՝ Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտը գենդերային կարծրատիպի տակ հասկանում է, սեռով պայմանավորված, կանանց և տղամարդկանց դերերի բաշխումը, վերագրումը, սահմանափակումը: Այսինքն՝ արևմտյան չափանիշներով կանանց և տղամարդկանց միջև սեռային տարբերությունը կարող է ջնջվել, ավելին՝ նրանք կարող են ձեռք բերել հակառակ սեռի վարքագիծ կամ այլ գենդերային ինքնություն»,- շեշտեց փորձագետը:
Այվազյանը բերեց նաև թաքնված սպառնալիքների այլ օրինակներ, այն է՝ նախարարությունը պնդում է, որ կոնվենցիան չի տանում նույնասեռական ամուսնության ընդունման, մինչդեռ հոդված 4-ում գրված է, որ մասնակից պետությունները պետք է «զոհերի իրավունքների պաշտպանություն ապահովեն առանց խտրականության, այդ թվում՝ անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից»: Իսկ միջազգային փաստաթղթերում հստակ սահմանված է, որ սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով խտրականության արգելքը ենթադրում է սեփական գենդերի ազատ ընտրություն անձի կողմից, համապատասխան քարոզի իրավունք տեղեկատվական հաղորդակցության բոլոր միջոցներով, գենդերային ինքնության հիման վրա ամուսնության իրավունք: Ըստ այդմ՝ կեղծիք է նաև նախարարության այն պնդումը, թե 3-րդ գենդերը պահպանված չէ կոնվենցիայում:
«Եվ վերջինը` կոնվենցիայի հոդված 60-ում ասում է, որ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ ապաստան հայցողների գենդերային բաղադրիչը հաշվի առնող ընթացակարգերի ընդունման ուղղությամբ, այդ թվում՝ փախստականի կարգավիճակ տալու խնդրի լուծման: Սա նշանակում է՝ կոնվենցիայի ընդունման դեպքում արտերկրից հարյուրավոր նույնասեռական կամ տրանսգենդեր զույգեր կարող են, որպես զուգընկեր, Հայաստան գալ և գենդերային բաղադրիչի հիման վրա փախստականի կարգավիճակ ստանալ»,- լրացրեց Հայկ Այվազյանը:
Փորձագետը նաև հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ եթե միջազգային պայմանագրերում կան նորմեր, որոնք հակասում են Սահմանադրությանը, ապա վավերացման դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավարը տեղեկացրեց, որ 47 երկրից Ստամբուլյան կոնվենցիան չի ստորագրել Ռուսաստանը և Ադրբեջանը, իսկ չի վավերացրել 11 երկիր՝ Չեխիա, Լատվիա, Լիտվա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Մոլդովա, Ուկրաինա և այլն:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել է մոտ մեկ տարի առաջ, և հիմա փորձագետը վտանգ է տեսնում, որ մեկ-երկու ամսվա ընթացքում այն նաև կվավերացվի, քանի որ վերջերս այդ մասին միայն երկու անգամ խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Այվազյանը վստահեցրեց, որ եթե հարցը մտնի ԱԺ, ամեն կերպ պայքարելու են, որ կոնվենցիան չվավերացվի, այդ թվում՝ համապատասխան նախարարությունների շենքերն արգելափակելու ձևով: Իսկ այժմ փորձում են ներկայացնել կոնվենցիայի թաքնված սպառնալիքները: Իսկ թե ինչո՞ւ Մայր Աթոռը դեռ ակնհայտ և կոնկրետ կարծիք չի հայտնում, քայլ չի ձեռնարկում, Այվազյանը ակնարկեց՝ եթե հասարակական ճնշում լինի, Մայր Աթոռը պաշտոնական պայքարի դուրս կգա, իսկ հիմա անհատ հոգևորականներ են «Ֆեյսբուք»-ում կարծիքներ հայտնում:
Հավելենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում իր անհամաձայնությունն է հայտնել նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: