Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, Կրթություն, գիտություն, մշակույթի հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը։
- Մայիսի 11-ին Ազգային ժողովը կողմ 79 ձայներով վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին» կոնվենցիան, ինչը միանշանակ չընդունվեց: Զուգահեռ, խորհրդարանի մոտ նաեւ բողոքի ակցիա էր ընթանում, իսկ մինչ այդ, տարբեր մասնագետներ կոնվենցիայի բացասական դրույթներն էն մատնացույց արել: Այս հակասական մոտեցումները ի՞նչ տպավորություն են ստեղծում:
- Թե որքա՞ն են կոնվենցիայի դրույթները նպաստելու սեռական բռնության իրական նվազմանը, դժվար է այս պահին ասել, սակայն, այո, ըստ մասնագետների, կոնվենցիայում կա խնդրահայույց հոդված, որը կարող է նաև հակառակ արդյունք տալ: Խոսքը 6-րդ հոդվածի մասին է, այն վերաբերվում է երեխաների ուսուցմանը: Ըստ այդմ. «Յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ ապահովելու համար, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»:
Մասնագետների կարծիքով, տարրական դասարաններից նման ծրագրերով երեխաներին կրթելը, անգամ, եթե որոշակիորեն կնվազեցնի երեխաների՝ սեռական բռնությունների ենթարկվելու վտանգը, շատ ավելի վտանգավոր ու բարդ հետևանքներ կարող է ունենալ: Օրինակ, բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանի կարծիքով, սեռական կյանքի մասին ուղղակիորեն խոսելը երեխայի հետ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ. Նա, երեխա իրավիճակից «սեռական պատուհանով կարող է դուրս գալ մեծերի աշխարհ»: «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաներին հասցեագրված գրքույկը իր բովանդակությամբ արդեն իսկ շատ մտահոգիչ է: Չի կարելի զրկել երեխաներին մանկությունից, այլապես ապագայում կարող ենք ունենալ շատ խոցելի, կիսատ մարդիկ, ովքեր կարող են արդյունքում ունենալ թերի հավատ, երևակայություն, բովանդակային արժեքներ:
- Չե՞ք կարծում, որ այնուհանդերձ, կա կարիքը`երեխաների սեռական դաստիարակության հարցերին ուշադրություն դարձնելու:
- Համամիտ եմ, բայց տվյալ պարագայում, մեծ մտահոգությունը նաև այն է, որ կրթական հատվածին և վարույթներին վերաբերող դրույթներն իրացվելու են բոլորովին այլ տրամաբանությամբ: Կառավարության հիմնավորումներում ակնարկ անգամ չկա կրթական համակարգի մասին, թեպետ՝ նորույթը հենց դա է։ Կրթությունն իրականացնելու են ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում են տարբեր շահագրգիռ կենտրոններից: Կոնվենցիայի վավերացման հարցում լոբբինգ անող հասարակական կազմակերպությունները և անհատները մեծամասամբ հանդիսանում են ԼԳԲՏ քարոզով աչքի ընկած անձիք: Սա կասկած է առաջացնում, որ կոնվենցիան կարող է ունենալ թաքնված նպատակ՝ երեխաներին սեռական շահագործումից պաշտպանելու անվան տակ երեխաների շրջանում քարոզել ԼԳՏԲ արժեքներ:
Նաեւ, ըստ կոնվենցիայի պահանջի անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ: Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի պնդմամբ, կոնվենցիայում ներկայացվող դրույթներն արդեն իսկ ամրագրված են հայրենական օրենսդրությամբ և համոզիչ չեն կառավարության հիմնավորումների մեջ բերված այն պնդումները, թե կոնվենցիան հնարավորություն կտա վերափոխելու օրենսդրությունը: Օրենք ընդունելու իրավասությունն արդեն իսկ վերապահված է խորհրդարանին, և դրա համար հարկ չկար միջազգային պայմանագիր ընդունել: Մեր օրենսդիրները պետք է շատ զգուշորեն մոտենային այս հարցին, հաշվի առնեինն առնվազն հայրենական իրավագետների, հոգեբանների, սոցիոլոգների և մանկավարժների մասնագիտական խմբերի կարծիքները:
- Մտահոգություններ էր հրապարակել նաեւ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը. կոնվենցիայի 2-րդ հոդվածում զոհերի (երեխաների) իրավունքների պաշտպանության նպատակով առաջին անգամ Հայաստանի իրավական համակարգ է ներդրվելու «սեռական կողմնորոշում» հասկացությունը, որպես խտրականության արգելքի կարգավիճակ: Սրա մասին ի՞նչ կասեք:
- Սա արդյո՞ք նշանակում է, որ պետությունը պետք է քաղաքականություն մշակի և իրականացնի երեխաների շրջանում պարզելու համար, թե երեխան ի՞նչ «սեռական կողմնորոշում» ունի, որպեսզի այդ հիմքով խտրական վերաբերմունքի չարժանանա: Պետք է նշել նաև, որ կրթական բաղադրիչին վերաբերող հոդվածը հայ հանրության եւ Հայ առաքելական եկեղեցու շատ ներկայացուցիչների շրջանում հարուցել է ոչ միանշանակ արձագանք: Մինչև վավերացնելը, պետք էր վավերացրած բոլոր երկրներից վերցնել և ուսումնասիրել սեռական դաստիարակության կրթական ծրագրերը ու որոշել այդ ծրագրերը մեր երկրին անհրաժեշտ են, թե՝ ոչ:
Պետք է պայքարել երեխաների նկատմամբ բռնությունների դեմ, և բռնությունների դեմ ընդհանրապես, սակայն այն պետք է պաշտպանի ընտանիքի ինստիտուտը: Անհրաժեշտ է պայքարել մանկապիղծների և այլասերվածության քարոզի դեմ: Պետք է հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև սեռահասունության տարիք հասնելը երեխաների սեռական դաստրակարկությունը կարող է հակառակ արդյունք տալ՝ խեղել երեխային, ինչը արդեն երեխայի հանդեպ յուրօրինակ սեռական շահագործում է: Հնարավոր է նաև, որ սեռական շահագործումից զերծ պահելու փոխարեն նրանցից ոմանք անժամանակ կներքաշվեն սեռական կյանքի մեջ, և արդյունքում կդառնան նաև մեծահասակների սեռական շահագործման օբյեկտ: Սա հաշվի առնելով, մենք պահանջում ենք իշխանություններից՝ 6-րդ հոդվածի խնդրահարույց պահանջները չներառել ազգային օրենսդրության մեջ։ Միաժամանակ, դիմում ենք նաև երեխայի կրթության բոլոր պատասխանատուներին՝ ուսուցիչներին, ծնողներին, կրթության ոլորտի ղեկավարներին՝ հաշվի առնել կոնվենցիայի խնդրահարույց դրույթների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները և իրենց բողոքի ձայնը բարձրացնել դրանք դպրոցներում ներդնելու դեմ: