Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողներին այսօր ներկայացրեց այն վտանգները, որոնց բախվելու ենք Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումից հետո: Այն է՝ կվերանան ԼԳԲՏ անձանց կողմից ընտանիք ստեղծելու (ամուսնանալու) և երեխա որդեգրելու` այսօրվա իրավական խոչընդոտները կամ էականորեն կթուլանան, ինչը բացասական ազդեցություն կունենա երկրի ժողովրդագրության վրա: Երկրորդ՝ տարբեր երկրներից ԼԳԲՏ անձինք ապաստան և փախստականի կարգավիճակ կհայցեն՝ գենդերային հիմքով, դրա հետ կապված` մեր պետության սահմանափակ միջոցները չեն բավարարի: «Երրորդ՝ կոնվենցիայի վավերացումն ապագայում հնարավորություն կստեղծի, որ իրենց կին համարող տղամարդիկ խուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից, ինչը բացասական կերպով կազդի բանակի մարտունակության վրա»,- շեշտեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ իշխանությունները չպետք է մոռանան, որ Հայաստանը շրջապատված է Թուրքիայով ու Ադրբեջանով, որոնք հայտնի են իրենց ագրեսիվ հակահայ քաղաքականությամբ: Ի դեպ, Ադրբեջանն անգամ չի ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան:
Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին՝ Արա Զոհրաբյանը նախ հիշեցրեց, որ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն, իսկ 3-րդ մասի համաձայն՝ ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով: Բացի այս` Սահմանադրության 16-րդ հոդվածը սահմանում է՝ ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:
Այս համատեքստում փաստաբանը հարկ համարեց ընդգծել, որ ԵՄ անդամ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը գտել է, որ Ստամբուլյան կոնվենցիան տղամարդ և կին կենսաբանական սեռերից տարբերվող սոցիալական նոր սեռ է սահմանում, և այս հիմնավորմամբ ԵՄ անդամ այս երկիրը չի վավերացրել կոնվենցիան: Ըստ այդմ՝ Արա Զոհրաբյանը կարծում է, որ առաջին քրիստոնյա երկիրը համարվող Հայաստանի նկատմամբ Եվրոպան առավել հանդուրժող պիտի լինի՝ նշելով, որ Հայաստանի նկատմամբ «փափուկ ուժ» է կիրառվում այս հարցում:
Փաստաբանական պալատի ղեկավարը հիշեցրեց նաև, որ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը, ուստի պետք է կանխել այս փաստաթղթի վավերացումը: Հայտնեց, որ իրենց՝ «Ոչ ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնությունը պայքարելու է օրենքով սահմանված բոլոր միջոցներով, անհրաժեշտության դեպքում՝ նաև հանրահավաքների տարբերակով: Change.org-ում Ստամբուլյան կոնվենցիայի մերժման հետ կապված ստորագրահավաքի իրենց հայտարարությունը change.org-ի ԱՄՆ գրասենյակից կողմից հեռացվելուց հետո, նրանք ինտերնետային կայք են բացել՝ http://nostambul.am/: Ըստ Զոհրաբյանի՝ change.org-ի ԱՄՆ գրասենյակից գրավոր հայտնել են, որ հայտարարությունն ատելության խոսք է պարունակում, ինչը չի համապատասխանում իրականությանը: «Սա հուշեց ինձ մի կարևոր բան՝ եթե անգամ մարդիկ չեզոք մտքեր են արտահայտում այդ արգելված թեմայով, նման կոշտ վերաբերմունքի են արժանանում, հիմա պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե դա դառնա մեր օրենսդրության բաղկացուցիչ մասը: Լավ գիտեք, որ Քրեական օրենսգրքի խտրականության արգելքի հետ կապված հոդվածի նախագիծ կար, որում, ի թիվս խտրականության այլ ձևերի, ներառվելու էր սեռական կողմնորոշման հետ կապված այդ հասկացությունը: Այսինքն՝ դրա հետ կապված կարող են հետևել կոնկրետ պատասխանատվության միջոցներ, և ազատ խոսքը, որն ամեն ինչի հիմքն է, այսօր սահմանափակվում է, երբ քաղաքացին փորձում է ազատ խոսքի մեջ օգտագործել արգելված ԼԳԲՏ բառը»,- նշեց փաստաբանը:
Ինչ վերաբերում է կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման խնդրին և սրա շրջանակում տարբեր կազմակերպությունների կողմից բռնության զոհ հանդիսացողներին ապաստարան տեղափոխմանը, Զոհրաբյանը պնդեց՝ ապաստարանները պետք է լինեն պետական: «Օրինակ՝ կնոջը տեղափոխում ենք ապաստարան, և եթե այդտեղ նրա նկատմամբ բռնություն կիրառվի, ո՞վ է պաշտպանելու: Ուստի առաջարկում ենք քրեականացնել այդ ապաստարաններում աշխատող անձանց կողմից դաժան վերաբերմունքը և սահմանել ծանր պատիժներ: Այսօրվա օրենսդրությունը թույլ է տալիս ապաստարաններ ստեղծել հասարակական կազմակերպություններին, որոնց մեծ մասը ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպան են, դրանց քարոզով են զբաղվում, ուստի ապաստարանների ստեղծումն իր նպատակին չի ծառայում, այն վերացնում է «ընտանիք» հասկացությունը»,- ասաց Զոհրաբյանը:
Ի դեպ, բռնության դեպքերի մասին անանուն պատմություն-նամակները նա կապեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ՝ վստահեցնելով, որ կարդացել է որոշ նամակներ և եկել այն եզրահանգման, որ հեղինակն ունի բարձր իրավագիտակցություն, ուստի հարց է առաջանում՝ մի՞թե բարձր իրավագիտակցություն ունեցող մարդն իրեն չի կարող կամ չէր կարող պաշտպանել:
Արա Զոհրաբյանի՝ Ստամբուլյան կոնվենցիայի առավել մասնագիտական կամ իրավական պարզաբանումները լսեք ստորև ներկայացված տեսանյութում: