Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը։ Նա գրել է․
«Ինչպես գիտեք, ապագայում նախատեսվում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վավերացնի Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիան (այսուհետ՝ Ստամբուլյան կոնվենցիա), որն ընդունվել է 11.05.2011թ․Ստամբուլ քաղաքում։
Ստամբուլյան կոնվենցիան մեր կարծիքով հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և չի կարող վավերացվել:
Մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետով որպես ընտանեկան բռնության տարատեսակ նշված է բռնությունը զուգընկերների միջև։Նշված կետի համաձայն՝ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում։Սրանից հետևում է, որ
ա) Կոնվենցիայի իմաստով ընտանեկան բռնության սուբյեկտներ-զուգընկերներ կարող են լինել նաև ՆՈւՅՆ սեռին պատկանող, ինչպես նաև մերձավոր ազգական հանդիսացող անձինք,
բ) ընտանիք է համարվում նաև ոչ ամուսնական կապերի վրա հիմնված անձանց համակեցությունը:
Նշված իրավադրույթն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին առ այն, որ՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
Այսինքն՝ Սահմանադրության իմաստով ընտանիք է համարվում արական և իգական սեռի անձանց ամուսնական միությունը, եթե պահպանվել են ամուսնական տարիքին և ամուսնության կարգին վերաբերող օրենսդրական պահանջները:
ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը, ի կատարումն Սահմանադրության նշյալ պահանջի, սահմանում է ամուսնության կնքման թե՛ պոզիտիվ և թե՛ նեգատիվ պայմանները (ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները): Ընդ որում, Սահմանադրության 35-րդ հոդվածի տառին և ոգուն համապատասխան՝ Ընտանեկան օրենսգրքով հստակորեն ընդգծվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ կամավոր միությունն է, և արգելվում է մերձավոր ազգականների միջև ամուսնությունը:
Ավելին՝ Ընտանեկան օրենսգրքի հետագա շարադրանքում հստակորեն տարանջատվում է նաև երեխայի ծնողների սեռային պատկանելությունը՝ բացառելով նույնասեռ անձանց կողմից երեխայի որդեգրման հնարավորությունը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ ակնհայտ է դառնում, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետը հակասում է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասին:
Հ.Գ. 1. Հակասությունների վերաբերյալ տեղեկանքը կցվում է:
Հ.Գ. 2. Ի դեպ, Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի սահմանադրական դատարանը 27.07.2018թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը (27.07.2018թ. N 13 (3/2018))»: