կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-30 13:57
Հասարակություն

«Հյուսիս-հարավ»-ի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը սնանկացման գործընթացում է, բայց կառավարությունը դեմ չէ պայմանագիրը շարունակելուն

«Հյուսիս-հարավ»-ի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը սնանկացման գործընթացում է, բայց կառավարությունը դեմ չէ պայմանագիրը շարունակելուն

Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն անդրադարձավ Հյուսիս-Հարավ մայրուղու Աշտարակ-Ուջան հատվածի փակման միջադեպին և շինարարների բողոքին: 

Նա նշեց, որ երկար ժամանակ է` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հիմնանորոգման  աշխատանքները դադարեցված են, քանի որ կա անհամաձայնություն նախարարության և իսպանական կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության միջև: 

«Բոլոր վճարումները «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությանն իրականացվել են: Այսինքն՝ նախարարությունը ընկերության նկատմամբ իր պարտականությունները կատարել է, սակայն «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա»-ն իր ենթակապալառուներին չի վճարել»,- հայտնեց Բադալյանը:

Դիտարկմանը, թե տպավորություն կա, որ հիշյալ խնդրով կառավարությունը հետաքրքրված չէ և, կարծես, ասում է՝ մենք մեղավոր չենք, ինչ ուզում է՝ թող  լինի, փոխնախարարը չհամաձայնեց՝ ասելով, որ գրեթե ամեն շաբաթ հանդիպում են ենթակապալառուների հետ: «Ամեն շաբաթ հանդիպում ենք ենթակապալառուների հետ, փորձում այդ հարցում հնարավոր լուծումներ գտնել»,- նշեց նա:

Ըստ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի՝ իսպանական ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի, սնանկության գործընթացի մեջ է: «Մենք փորձում ենք, նրանց հետ բանակցելով, այդ հարցին լուծում տալ՝ որպես օրակարգային առաջնահերթ հարց»,-շեշտեց Բադալյանը:

Նա հայտնեց նաև, որ ցանկանում են սնանկության փուլում գտնվող հիշյալ ընկերության հետ շարունակել համագործակցությունը: «Եթե պայմանագիրը խզենք, կանցնի բավականին երկար վեճի կամ արբիտրաժային փուլ, և նոր կազմակերպության ներգրավումը կտևի բավականին երկար ժամանակ: Այսինքն՝ կունենանք մի իրավիճակ, որ հնարավոր է 2-3 տարի աշխատանքներ չիրականացվեն, ինչը ահմարում ենք ժամանակի կորուստ: Մենք ցանկություն ունենք իրենց հետ շարունակելու, բայց դա չի նշանակում, որ ամեն գնով այդպես էլ անելու ենք: Այսինքն՝ եթե մեր առաջարկած բանակցության արդյունքում մեր առաջ քաշած հարցերը նրանք չբավարարեն, կգնանք այլ ճանապարհով, կբացենք նոր կազմակերպություն»,- ասաց փոխնախարարը: 

Հարցին` ինչպե՞ս է նախկին իշխանությունների կողմից ընտրվել «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը, կատարվե՞լ են ուսումնասիրություններ, հանցակազմ չկա՞ այստեղ, Բագրատ Բադալյանը պատասխանեց, որ այս հարցերին պատասխանել չի կարող, քանի որ ընտրությունը կատարվել է 2012-ին, երկրորդ՝ կա հարուցված քրեական գործ, գնման գործընթացը ևս ուսումնասիրության փուլում է: Ըստ նրա՝ իսպանական ընկերությունն այլ երկրներում ճանապարհների շինարարության իր փորձն է ներկայացրել մրցույթի ժամանակ, այլ հարց է, թե որքանով է դա եղել արժանահավատ: