կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 17:07
Հասարակություն

Նազենի Ղարիբյանի`օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ նշանակվելը կազմակերպված է հենց իր կողմից. Հարություն Արզումանյան

Նազենի Ղարիբյանի`օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ նշանակվելը կազմակերպված է հենց իր կողմից. Հարություն Արզումանյան

Այդ նշանակումն ինքն է կազմակերպել, վերևից նշանակված չէ. այսօր լրագրողների հետ զրույցում նասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը՝ անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն:

«Նա է հավաքել կառավարման խորհրդի կազմը, որի մեծամասնությունը նախարարության անդամներ են»,- նշեց նա

Արզումանյանն անդրադարձավ խորհրդի ձևավորման մասին օրենքի փոփոխության անհրաժեշտությանը: Նա իր հետ բերել էր ԲՈՒՀ-երի խորհուրդների ձևավորման օրինակը:

«Ասենք` եթե 24 հոգի է կազմը՝ 6 հոգի կառավարությունից է, 6 հոգի` կրթության նախարարությունից, 12 հոգի` ԲՈՒՀ-ից, որոնցից 6-ը` դասախոսական կազմից, 6-ը` ուսանողությունից: Մեզ մոտ, չգիտես` ինչու, 8 հոգանոց է կազմը, և այդ 8 հոգուց 2-ն են օպերայի թատրոնից: Ընդհանրապես աբսուրդ է», – բացատրեց նա` ավելացնելով, որ թատրոնի աշխատակիցները համաձայն չեն, որ խորհրդի նախագահը լինի մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, և որ իրենք շարունակելու են պահանջել նրա հրաժարականը:

«Ովքեր բողոք են ներկայացնում օպերայի թատրոնի վերաբերյալ, նրանց բոլորին ֆինանսավորում է, ուղարկում  տարբեր մրցույթների: Կան բազմաթիվ օրինակներ»,- վստահեցրեց դիրիժորը:

Դիտարկմանը` կա՞ որևէ դժգոհություն Օրբելյանի ղեկավարած թատրոնից, նա տվեց դրական պատասխան. ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նույն մարդիկ են բողոք ներկայացնում:

Թատրոնի դիրիժորը նաև մանրամասնեց, թե որոնք են այն երկու հայցերը, որոնցով թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դիմել է դատարան: «Չեղյալ հայտարարել պարոն Փաշինյանի այն հրամանը, որով Նազենի Ղարիբյանի վրա են դրվում մշակույթի նախարարի պարտականությունները: Ինչ-որ տարօրինակ հրաման է, որովհետև տիկին Ղարիբյանը, իհարկե, «Վիկիպեդիա»-ի էջում փորձել է ջնջել Ֆրանսիայի քաղաքացիությունը, բայց, քանի որ մարդիկ ունեն պահված նկարներ, հետո վերականգնել է: Հասկացավ, որ դա հնարավոր չէ թաքցնել: Օրենքով՝ վերջին 5 տարին նախարարը կամ նախարարի պաշտոնակատարը պետք է լինեն միայն ՀՀ քաղաքացի: Իսկ տիկին Ղարիբյանը Ֆրանսիայի քաղաքացի է: Այսինքն՝ այս պարագայում նրա բոլոր ստորագրություններն անհիմն են դառնում»,– շեշտեց Արզումանյանը:

Ինչ վերաբերում է երկրորդ հայցին, նա պարզաբանեց. «Պարոն Օրբելյանին ազատելու` տիկին Ղարիբյանի հրամանը, կարծեմ, մարտի 27-ին էր, թե 28-ին էր: Պարոն Օրբելյանն ուներ երեք տարվա կոնտրակտ»: