կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-01 12:08
Քաղաքական

Մի հարցնող լինի` ինքը որքանո՞վ է բավարարում նախարարի պայմանին. պատգամավորը` Նազենի Ղարիբյանի մասին

Մի հարցնող լինի` ինքը որքանո՞վ է բավարարում նախարարի պայմանին. պատգամավորը`  Նազենի Ղարիբյանի մասին

Եթե վեր կագնելու լինենք կոնկրետ անձանցից, ապա, ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ մշակութային ոլորտում տեղի ունեցող դեգրադացիոն գործընթացները մեզ համար անընդունելի են. այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Ըստ նրա` ցանկացած հարցի կարելի է լուծում գտնել կոմպրոմիսային եղանակով` մինչև իրավական լուծումներ գտնվեն:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ասաց, որ այդտեղ իրավական խնդիր կա, որի գնահատականն իրավունք ունի տալու դատարանը: «Ուզում եմ շեշտել, որ բավական է կրթության ու մշակույթի ոլորտում ազատվենք պրոֆեսիոնալներից: Չգիտենք, թե ով է տեղը գալու: Ես պատրաստվում եմ ծանոթանալ օպերայի թատրոնի կանոնադրությանը, որից միաշանակ պարզ կլինի` ազատումն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Բայց այն, որ Օրբելյանը վայելել է  կոլեկտիվի հարգանքը, աշխարհահռչակ մեծություն է, անբեկանելի փաստ է, ու գրչի մի հարվածով նման որոշում կայացնելն անընդունելի մոտեցում է: Որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Օրբելյանն, իբր, օրենքի խախտումով է նշանակվել տնօրեն: Ազատողն այն մարդն է, որ գալիս է Ազգային ժողով ու ամենատարրական հարցերի մասին, որոնց ի պաշտոնե պետք է պատասխանի, տիրապետի, բացարձակ տեղեկատվություն չունի: Այդպիսի մարդիկ, որ նշանակվում  են նախարար, գոնե պետք է իրենց պաշտոնավարման ընթացքում իրենց զուսպ պահեն: Մի հարցնող լինի, թե, որպես նախարար, որքանո՞վ է բավարարում այդ ոլորտի համար պահանջվող պայմաններին»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը:

Նա այն տեսակետին է, որ, հետին թվով իրավապաշտ ձևանալով, հիշել, թե ժամանակին այսինչը, այն էլ` ենթադրաբար, օրենքի խախտումով է նշանակվել ու տալ ազատման հրաման, ճիշտ ու ընդունելի մոտեցում չէ: «Պետք է վերացնել հին ավանդույթները, կադրերի ջարդ չիրականացնել` ելնելով անձնական նկատառումներից»,- շեշտեց պատգամավորը: