Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվի մի մասը չի հասկանում` ինչպե՞ս ստացվեց, որ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը հապշտապ կերպով կազմակերպվեց, և Նազենի Ղարիբյանն ընտրվեց այդ պաշտոնում:
Թատրոնի կոլեկտիվն այսօր լրագրողների ներկայությամբ քննարկում էր հրավիրել` հասկանալու քայլերի հաջորդականությունը, որը կստիպի Նազենի Ղարիբյանին` հրաժարական ներկայացնել:
Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը խոսքի սկզբում հավաստեց` նախկինում էլ Հասմիկ Պողոսյանի հետ են աշխատել, նա է եղել խորհրդի նախագահը: «Բայց այժմ, երբ կառավարությունը վերջնական ձևավորված չէ, անհասկանալի է` ինչու է արագացված կերպով, հապշտապ ընտրություն նշանակվել: Կառավարման խորհուրդն այն մարմինն է, որը թատրոնի տնօրենի հետ իրականացնում է թատրոնի ղեկավարումը, այսինքն` թատրոնի ներսում բարձրացված բոլոր հարցերը, խնդիրները կառավարության խորհրդի միջոցով են հասցվում կառավարություն: Եվ հիմա թատրոնի աշխատակիցները չեն պատկերացնում՝ ինչպե՞ս է Նազենի Ղարիբյանն աշխատելու այդ խորհրդում: Բոլորը գիտեն վարչապետին ուղղված` թատրոնների ղեկավարների նամակի մասին (ԹԳՄ-ն պահանջում էր մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը), հիմա նա ինչպե՞ս է պատրաստվում աշխատել օպերայի թատրոնի հետ»,- ասաց նա:
Արդարության համար նշենք, այդ նամակը գրելուց հետո արվեստագետները նշել էին, որ եթե իրենց պահանջը չկատարվի, բողոքի ակցիաներ կնախաձեռնեն: Պահանջը, իհարկե, մնաց թղթի վրա, իսկ դրա մասին մոռացան, երբ վարչապետը հայտարարեց, թե թատրոնում խախտումներ են եղել: Կարճ ասած` թատերական գործիչները «հանգիստ նստեցին տեղները»:
Քննարկման ժամանակ Արզումանյանը հայտնեց, որ կոլեկտիվը ներկայացնող երկու մարդ կողմ է քվեարկել Նազենի Ղարիբյանի թեկնածությանը:
Նշենք, որ կառավարման խորհուրդը կազմված է 8 հոգուց, որոնցից 2-ը օպերայի թատրոնի ներկայացուցիչներն են: Ղարիբյանի թեկնածությանը կողմ են քվեարկել Պերճ Քարազյանն ու Սերգեյ Սաֆարյանը:
Դիրիժորն ընդգծեց, որ իրենց ներկայացուցիչների քվեարկությունից որևէ բան չէր փոխվելու, քվեարկության արդյունքները նույնն էին մնալու:
«Թատրոնի խորհուրդը պետք է թատրոնի շահը դարձնի գերակա, ոչ թե փորձության ենթարկի թատրոնը»,- ասաց Սաֆարյանը:
Պերճ Քարազյանն էլ, որպես իր քվեարկության արդարացում, ասաց. «Իրենք քաջատեղյակ են թատրոնի խնդիրներից, իսկ Ղարիբյանը խորհրդի ամենաազդեցիկ մարդն է, ամենօրյա շփում ունի կառավարության հետ: Նա ներկայացնում է մշակույթը կառավարությունում ու մեր թատրոնի խնդիրներն արագ կարող է կառավարություն հասցել»:
Քարազյանի ասածը բորբոքեց կրքերը: Վանկարկեցին` դուք ծախել եք Օրբելյանին:
Դիրիժոր Հարություն Արզումանյանն ասաց, թե Նազենի Ղարիբյանը Օրբելյանին կանչել ու ասել է, որ դիմում գրի, նա իրենց պետք չէ:
«Պե'րճ, մարդը եկել ու քանդում է մեր թատրոնը, դու հիմա մեզ ի՞նչ ես համոզում»,- տեղից բացականչեց թատրոնի մեկ այլ արտիստ:
Օպերայի թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանն էլ ընդգծեց` բայց օրենսդրությունը չի պարտադրում, որ խորհրդի նախագահն անպայման նախագահ լինի: «Առաջարկում եմ քվեարկել` ով է կողմ, ու ով` դեմ, որ Ղարիբյանը լինի խորհրդի նախագահ»,- հարցրեց նա:
Ներկաների մեծամասնությունը դեմ էր:
«Անթույլատրելի է, որ Նազենի Ղարիբյանը լինի խորհրդի նախագահ, նա չգիտի օպերայի եւ բալետի տարբերությունը, դա անհնար է եւ անթույլատրելի… Պահանջում ենք, որ ընդհանրապես ոլորտի հետ այդ կինը կապ չունենա»,- կոնցերտմայստեր Աշոտ Խոյեցյանն էլ վրդովմունքն այսպես արտահայտեց:
Թատրոնի կոլեկտիվը, արվետսագետին բնորոշ մթնոլորտը խախտելով, քննարկումը շարունակել չկարողացավ. իրար սկսեցին «արա»-ով դիմել, այնուհետև անցան «արան պապադ ա»-ին: Տեսնելով, որ քննարկում չի ծավալվում, որոշեցին ցրվել` ասելով, թե հետո հայտարարություն կտարածեն:
Լևոն Ջավադյանը նույնիսկ մեղադրեց լրագրողներին, որ նրանց ներկայությունը կաշկանդում է արտիստներին:
Մի խոսքով` այդպես էլ հստակ չէր` ինչ էին քննարկում ու ինչ վերջնարդյունքի եկան: Հստակ է մի բան` օպերայի թատրոնի կոլեկտիվը Ղարիբյանի` կառավարման խորհրդում լինելու մասով միանշանակ տեսակետ չունի:
ի դեպ Ժողովին հրավիրվել էր նաև Նազենի Ղարիբյանը, բայց նա անտեսել էր կոլեկտիվին: