Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն անձամբ է երաշխավորում է, որ որևէ մեկի վրա չեն դրվի թատրոնի տնօրենի պարտականությունները. լրագրողների հետ զրույցում ասաց օպերայի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը, որը մասնակցում է ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի` կառավարության շենքի առջև անցկացվող բողոքի ակցիային:
Անդրադառնալով քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց հանդիպմանը` նա նշեց, որ այս պահին հանդիպումով բավարարված են: «Որոշվեց, որ այս պահից օպերային թատրոնի փոխտնօրենը կկատարի տնօրենի պարտականությունները: Դրսից մարդ չի բերվի՝ չնայած Նազենի Ղարիբյանի հրամանագրին: Մենք այսօր կստանանք այն օրենքի բոլոր խնդիրներն ու կետերը, որոնք կային, և որոնք նախարարությունը ներկայացրել է վարչապետին: Մենք գրավոր կպատասխանենք, ինչից հետո կրկին հանդիպում ենք ունենալու` արդեն մեր հակափաստարկներով»,- նշեց Արզումանյանը:
Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով է շարունակելու աշխատել Կոնստանտին Օրբելյանը, Արզումանյան պատասխանեց, որ նա թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: «Նույն թիմով շարունակելու ենք աշխատել` որպես գեղարվեստական ղեկավարի հետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե որն է այս պահին աշխատակիցների խնդիրը, ապա Արզումանյանն ընդգծեց` փաստարկներին շտապ պատասխանելը, որպեսզի գործեն օրենքի տառին համապատասխան:
Ավելի վաղ աշխատակիցները սպառնում էին գործադուլ սկսել, եթե կառավարությունը ականջալուր չլինի, սակայն դեռ բավարարված են: «Այն, ինչ ասել էր Ղարիբյանը՝ նոր տնօրեն է բերում, այս պահին չի լինելու: Մենք հրավիրել ենք թե՛ Նազենի Ղարիբյանին, թե՛ վարչապետին «Կախարդական սրինգը» ներկայացումը դիտելու: Վարչապետն ասաց, որ կփորձի գալ, բայց չխոստացավ»,- մանրամասնեց դիրիժորը` հավելելով, որմշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ներկա չէր հանդիպմանը:
Հիշեցնենք, որ կառավարության գլխավոր մասնաշենքի առջև առավոտից հավաքվել են օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները։ Նրանք բողոքում են Կոնստանտին Օրբելյանին օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշման դեմ և մտադիր են նամակ փոխանցել կառավարությանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականի պահանջով։