կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 15:33
Հասարակություն

Օրինագիծը կոնկրետ ծառայում է այն ընկերության շահերին, որն այս տիրույթում առաջատարն է. «Գուդվին-Բետ»-ի տնօրեն

Օրինագիծը կոնկրետ ծառայում է այն ընկերության շահերին, որն այս տիրույթում առաջատարն է. «Գուդվին-Բետ»-ի տնօրեն

Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելող օրինագծի դեմ բողոքող ցուցարարները, որ առավոտվանից փակ էին պահում Բաղրամյան փողոցը, պահանջում են չեղարկել այն կամ փոխզիջումների գնալ:

Ցուցարարների հինգ հոգանոց խումբը հանդիպեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Բաբկեն Թունյանի ու հանձնաժողովի այլ պատգամավորների հետ, ու, կարծես, ընդհանուր լեզու գտան: Ցուցարարները նախ բացեցին Բաղրամյան պողոտան, ապա լրագրողների հետ կարճ զրույց ունեցան:

 «Գուդվին-Բետ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սարգիս Միքայելյանն ասաց, որ այս պահին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները բավարարում են: «Պատգամավորները լսել են մեր բոլոր պահանջները, և պարոն Թունյանը խոստացել է, որ առաջիկա օրակարգում դրանք քննարկվելու են: Մենք «Վիվառոբետ» ընկերության դեմ պայքարելու խնդիր չունենք, պայքարում ենք մեր հետագա գործունեության համար: Եթե ընկերությունը էլեկտրոնային սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղ չի կազմակերպում, ապա նրան հնարավորություն չի տրվում դրանք կազմակերպելու բուքմեյքերական կետերի տիրույթում: Հետևաբար` մենք ստիպված ենք լինելու օրենքի` ուժի մեջ մտնելուց 10 օր հետո անմիջապես փակվել, որովհետև այլ ֆինանսական հնարավորություններ չունենք մուծելու հաջորդ մեկ տարվա պետական տուրքը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խաղամոլության հետ կապված անհանգստությանը, որն ունի թե՛ ժողովուրդը, թե՛ օրենսդիր մարմինը, թե՛ կառավարության ղեկավարը, ապա «Գուդվին-Բետի» տնօրենը հավաստիացրեց` պատրաստ են դադարեցնել գործունեությունը, բայց այն դեպքում, եթե օրենքը բոլորի վրա տարածվի ու չուժեղացնի ինտերնետ տիրույթում գործողներին:

«Եթե այսօր ոլորտում գործում են 4 բուքմեյքերական ընկերություններ, այս նախագիծը կոնկրետ ծառայում է այն ընկերության շահերին, որն այս տիրույթում առաջատարն է, դա «Վիվառոբետն է»,- ընդգծեց նա

Հարցին` կապ տեսնո՞ւմ են նախագծի հեղինակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Վիվառոբետ» ընկերության միջև, Սարգիս Միքայելյանը պատասխանեց. «Որևիցե փաստական հանգամանք չեմ կարող նշել նախագծի հեղինակի և արտոնություն ստացող ընկերության միջև, բայց որ նախագիծն իր բովանդակությամբ ծառայում է այդ նպատակին, ակնհայտ է»: