Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՅԴ-ի հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցավ ՀՅԴ ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը: Նա նշեց, որ անցյալ տարի ապրիլին, երբ սկսվեց ժողովրդային շարժումը, ՀՅԴ-ն ողջունեց այն, շարժում, որը պիտի տաներ դեպի սիրո և հանդուրժողականության, միասնության հանգրվան: Եվ այդ միասնությամբ պետք է հզոր և ուժեցղ դարձներ Հայաստանը:
«Կարճ ժամանակ անց մեզ մոտ սկսեցին կասկածներ առաջանալ: Հիմա այլևս կասկածելու բան չունենք, չկա սեր և հանդուրժողականություն, կա բացահայտ ատելության մթնոլորտ: Արհեստականորեն ստեղծված այդ ատելության մթնոլորտը սերմանվում է ոչ թե իշխանությունների հայտարարված հակահեղափոխականների, այլ հենց իշխանությունների կողմից: Դա արվում է մտածված: Հայտարարել ենք, որպես Դաշնակցություն, և այսօր հայտարարում ենք` Դաշնակցությունն ունի իր օրակարգը: Մեր օրակարգն է` լինել առանցքային ընդդիմություն, որը շտկելու է իշխանության սխալները, թույլ չի տալու Ռուբիկոնն անցնել: Այսօր մենք եկել ենք դեղին քարտերով:
Դաշնակցությունը դավադրաբար չի նստում ու սպասում, որ ձախողվի այս իշխանությունը, քանի որ այդ ձախողումը մեր ժողովրդի, պետության ձախողումն է: Մենք` որպես 130-ամյա փորձառություն ունեցող, պատերազմներով ու դժնդակ օրերով անցած փորձառու քաղաքական կուսակցություն, կոչ ենք անում մեր իշխանություններին` լրջանալ: Մենք ասում ենք` անցյալին վերադարձ չկա, անցյալը հետընթաց է, մենք առաջ ենք նայում: Այսօր մեր առաջընթացի գրավականը մեր միասնությունն է: Սակայն այսօր բաժանարար գծերը, թշնամության մթնոլորտը բզկտում են մեր հայրենիքը: Ամենակարևորը` վտանգվում է մեր հայրենիքի, մեր ժողովրդի ու Դաշնակցության սրբության սրբոցը` Արցախը: Դաշնակցությունը խիստ անհանգստացած է Արցախի հարցով մեր իշխանությունների վարած քաղաքականությունից: Մեզ համար խիստ անհասկանալի է և վտանգավոր, երբ ժողովրդի լրջագույն քվե ստացած իշխանությունների կողմից հայտարարվում է, թե «ինձ մեսիջներ արեք, որ ես իմանամ` ինչպես բանակցել»:
Սա «անհասկանալի՞» որակել, «ծիծաղելի՞» որակել, թե՞ «թյուրիմացություն» որակել` ժամանակը ցույց կտա: Լրջացե'ք, ընկերնե'ր: Այսօր մտածված ձևով կեղծ օրակարգ է նետվել պետության մեջ` հակահեղափոխության վտանգի գաղափարի ձևով: Չկա հակահեղափոխություն, չի կարող լինել մի երկրում, ուր իշխանություններն ունեն 70-80 տոկոս ձայն, իսկ ԱԺ-ում էլ ընդդիմություն չկա: Որտեղի՞ց պիտի լինի հակահեղափոխություն: Սա մտածված է արվում, որ շեղեն ժողովրդի ուշադրությունը կարևոր խնդիրներից: Մտածված է արվում, որ վաղվա իրենց ձախորդությունները բարդեն «հակահեղափոխականների» վրա: Չկա հակահեղափոխություն:
Կլինեն դժգոհություններ, բայց Դաշնակցությունը երբեք հակապետական չի եղել ու չի լինի: Դաշնակցությունը կբռնի այն մարդու ձեռքը, որը կփորձի մեր պետությունը հանել ուղեծրից և այլ ուղղությամբ տանել: Փորձում են Արցախը դարձնել առևտրի առարկա, շոուի առարկա, փորձում են ապրիլյան պատերազմի նահատակների թափված արյունը կասկածի տակ դնել, թե` դա դավադրության հետևանք է: Ինչպե՞ս ենք այդ մայրերին պատասխան տալու:
Մենք կողմ ենք` հանցագործների տեղը բանտում է, դավաճանների տեղը կախաղանն է: Բայց պետք է արդարությունը բոլորի համար հավասար լինի: Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է դավադրություն, ուրեմն արդեն անլուրջ է այդ մասին հայտարարություն անելը. նախ` դավադիրները պետք է արդեն հայտնվեին բանտում, հետո` նոր հրապարակվեր այդ մասին: Այդ ի՞նչ հանձնաժողով պետք է լինի ԱԺ-ում, որ քննարկի ապրիլյան պատերազմը: Այն մարդիկ, որոնք հայկական բանակում մեկ օր շարք չեն կանգնել, չեն ծառայել, նրա՞նք պետք է քննեն ապրիլյան դեպքերը, ովքեր բանակի մասին տարրական գիտելիքներ չունեն, մեկ անգամ վառոդի հոտ չեն շնչել:
Հարգելի' հայրենակիցներ, մենք միակամ ենք, ուշի ուշով հետևում ենք և ամեն րոպե բարձրաձայնելու ենք իշխանությունների ձախորդ քայլերի, հայտարարությունների և գործողությունների մասին: Մեր նպատակը մեր հայրենիքի, մեր պետության` «Զարգանալ` չզիջելով» սկզբունքով ուղին է: Առա'ջ, ընկերնե'ր»,- խոսքը եզրափակեց Տարոն Տոնոյանը: