Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցությունն այսօր ժողով կանի, ասել է թե՝ հանրահավաք կհրավիրի, որին, ենթադրում են, մոտ 5 հազար մարդ կմասնակցի։ Իսկ թե ինչ կորոշի, կերեւա հանրահավաքի ելույթներում, որոնք, ենթադրելի է, լինելու են քննադատական եւ ուղղված Նիկոլ Փաշինյանի իշխանության գործունեությանն ու թույլ տված սխալներին։ Առհասարակ, Դաշնակցությունը տեւական ժամանակ կիսաչեզոք դիրք էր բռնել ու առանձնապես ակտիվություն չէր ցուցաբերում, անգամ մամուլում գրվեց, թե պասիվացել են եւ դուրս եկել ասպարեզից։
Բայց վերջին շրջանում, հատկապես Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին, դաշնակցականները նորից ակտիվացան, կարծես նրանց համբերության բաժակը լցվեց Նիկոլ Փաշինյանի գործողություններից, ու սկսեցին ակտիվանալ։ Վառ օրինակ՝ նրանց տարածած հայտարարությունները, որոնցում ՀՅԴ-ն իր մտահոգություններն է հայտնում երկրում տիրող ատելության մթնոլորտի, իշխանության ու հասարակության կողմից դատական համակարգի, այդ թվում՝ Քոչարյանի գործով դատավարական պրոցեսի նկատմամբ տեղի ունեցող իշխանության ու հասարակության ճնշումների վերաբերյալ։ ՀՅԴ-ի այս հանրահավաքն իշխանական թեւի ներկայացուցիչներն արդեն փորձում են ներկայացնել որպես ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ու Քոչարյանի հետ համագործակցության շրջանակներում՝ հիշեցնելով ՀՅԴ-Քոչարյան երբեմնի սերտ համագործակցությունը։ ՀՅԴ-ն, սակայն, չհրաժարվելով Քոչարյանից, որ նրա հետ 10 տարի սերտ համագործակցել է, այսօր փորձում է հանդես գալ ավելի լայն օրակարգով՝ անկախ այլ քաղաքական դերակատարներից։ Փաշինյանականներն էլ փորձում են ՀՅԴ-ին «փչացնել»՝ Քոչարյանի հետ կապելով։
ՀՅԴ գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա հանրահավաքն անդրադառնալու է իշխանությունների գործողություններին, գնահատական է տրվելու արված աշխատանքներին, եւ հնչեցվելու են հստակ տեսակետներ։
- Դժգոհությո՞ւն կա իշխանության աշխատանքից։
- Իհարկե։
- Կա՞ն ինչ-որ առանցքային հարցեր, որոնք ՀՅԴ-ն օրվա հրամայական է համարում, եւ պետք է լուծել։
- Մենք վերջին երկու հայտարարությունների մեջ շատ հստակ անդրադարձել ենք, եւ հանրահավաքի բովանդակությունն այդ հարցերին ավելի մանրամասն կանդրադառնա։
- Ովքե՞ր են ելույթ ունենալու՝ միայն դաշնակցականնե՞ր, թե՞ այլ ուժերից հրավիրյալներ էլ կլինեն։ Տեղեկություն կա, որ քննարկում եք՝ հրավիրե՞լ այլ ուժերից անձանց, թե՞ ոչ, քանզի ՀՀԿ-ից, օրինակ, ցանկացողներ կան։
- Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ բոլոր կողմերի հետ մեր բարձրացրած մտահոգությունների մասին խոսելու ենք։
- Պարոն Սաղաթելյան, արդեն քննադատություններ են հնչում, որ այս հանրահավաքը Քոչարյանին պաշտպանելու եւ նրա հետ համագործակցության շրջանակներում է։
- Չկա նման բան, սա հանուն մեր երկրի, հանուն մեր պետականության խորագրով հանրահավաք է, որտեղ կոչ ենք անում իշխանություններին՝ լրջացեք։ Ռոբերտ Քոչարյանը բացարձակ կապ չունի եւ չի կարող ունենալ այս հանրահավաքի հետ։ Մեր հանրահավաքի օրակարգը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը չէ։ Այդ մասին մենք շատ պարզ, հստակ հայտարարել ենք, մեկ անգամ եւս հաստատում եմ։ Բայց բազմաթիվ ուժեր այս պահին, ոնց արեցին Արցախի ֆորումի ժամանակ, աղավաղելու, ձեւափոխելու, խեղաթյուրելու նպատակով տարբեր նման տեղեկություններ են դնում շրջանառության մեջ։
- Դաշնակցությունը կարծես վերջին շրջանում սկսել է ակտիվանալ, թեեւ մամուլում տեղեկություն եղավ, թե պասիվացել, մի կողմ է քաշվել, բայց ձեր քայլերն այլ բանի մասին են խոսում։
- Դաշնակցությունը երբեք պասիվ չի եղել ու չի կարող լինել, որովհետեւ Դաշնակցությունը կենսագրություն, պատմություն, փորձառություն, համահայկական մեծ ռեսուրս ունեցող քաղաքական կուսակցություն է։ ՀՅԴ-ն երբեք պասիվ չի եղել ու չի կարող լինել, ու ամենակարեւորը՝ չի կարող անտարբեր լինել։ Չի կարող էսօր շատ-շատերի պես ասի՝ շառ ու փորձանքից հեռու՝ մի կողմ քաշվեմ, տեսնեմ՝ ինչ է կատարվում։
- Իսկ իշխանափոխության հարց կարո՞ղ է առաջ քաշվել ՀՅԴ-ի կողմից թե՛ այս հանրահավաքում, թե՛ առաջիկայում, առհասարակ։
- Մենք այս մասին շատ հստակ կասենք հանրահավաքի ժամանակ։ Եթե ես հիմա ամեն ինչ ասեմ, էլ ինչո՞ւ ենք հանրահավաք անում։
- Դաշնակցության մյուս կառույցները, նաեւ Բյուրոն, Բյուրոյի ներկայացուցիչները միակա՞մ են այս հարցում, թե՞ կան տարաձայնություններ։
- Դաշնակցությունը բոլոր հարցերում միակամ է, երբ որ որոշում է ընդունվում, ուրեմն բոլորի համար այդ որոշումն ընդունելի է արդեն։
Վահե Մակարյան, «Հրապարակ»