կարևոր
3415 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-31 13:49
Քաղաքական

Պաշտպանելով Նիկոլին՝ զոհաբերում եք Հայաստանը, Արցախը․ Նոյեմբերի 5-ին ժամը 15։00-ին համազգային հանրահավաք կլինի․ Իշխան Սաղաթելյան

Գաղտնիք չէ, որ այսօր Արցախը, Հայաստանը գտնվում են պատմական և ճակատագրական փուլում։ Հայ ժողովրդի մոտ կա 2 տեսակետ․ մի տեսակետի հեղինակը այսօրվա իշխանություններն են, ովքեր ասում են, որ նոյեմբերի 9-ի կապիտուլացիայով ավարտված պատերազմը այլևս դատավճիռ է, մենք չունենք որևէ ռեսուրս, հնարավորություն ստեղծված իրավճակից դուրս գալու և հանրությանը ու ժողովրդին առաջարկում են նոր զրկանքներով գնալ ինչ-որ երևակայական խաղաղության ետևից։ Առաջարկում են զիջենք հայրենիքի մի մասը, մնացած մասը փրկելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու երկրորդ տեսակը, որն առաջարկում են ազգային ուժերը և ժողովուրդը՝ դա պայքարի օրակարգն է։ Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, չպետք է համակերպվել ստեղծած իրավիճակին, զիջելով մի մասը՝ կզիջենք ամբողջը, և այդ ճանապարհը կործանարար է։ Մենք առաջարկում ենք համախմբել մեր ամբողջ ուժերը, վերականգնել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, մոբիլիզացնել համահայկական բոլոր ռեսուրսները և լծվել հայրենիքի պաշտպանության, վերականգնման գործին։ Երեկ ինչ տեղի ունեցավ Արցախում, շատ կարևոր էր, շատ կարևոր արձանագրում՝ ի լուր ամբողջ աշխարհին։ Մի քանի կարևոր արձանագրումներ, որ տեղի ունեցավ երեկ Արցախում․

1․ Արցախի ժողովուրդը, պետական մարմինները մեկ միասնական ճակատով հայտարարեցին, որ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինելու։

2․ Արցախում հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած փորձ անընդունելի է Արցախի ժողովրդի համար և հանդիպելու է դիմադրության։

3․ ՀՀ որևէ իշխանություն չունի որևէ իրավունք ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։

4․ Դիմելով համայն հայությանը ասացին, որ շարունակեն  տեր կանգնել Արցախին, Արցախի ազգային շահերին։ Հայտնեցին իրենց պայքարի պատրաստակամությունը, հայրենիքին տեր կանգնելու շատ կարևոր առաքելության մասին։

Դժվար է երևակայել, որ 3 տասնամյակ պայքարից հետո մենք պետք է կրկին վերադառնայինք մեր պայքարի սկզբին։ Բայց երեկ Արցախում 1988 թ-ի Արցախի ազատագրման ոգին էր, և դա շատ կարևոր էր»,- ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ երեկ շատ արագ արձագանքել են Արցախից հնչեցված կոչին և այսօր էլ վերահաստատեց  երեկվա հայտարարությունը՝ նոյեմբերի 5-ին ժամը` 15։00-ին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրություն շարժումը հրավիրում է հանրահավաքի։

«Դա միասնության հանրահավաք է։ Միասնություն ոչ թե որևէ քաղաքական ուժի, այլ՝ Արցախի ինքնիշխանության շուրջ։ Միասնության Հայաստանի տարածքային միասնության ու անվտանգութայն շուրջ։ Նոյեմբերի 5-ի հանրահավաքը հրավիրել է «Դիմադրություն» շարժումը, բայց դա հայ ժողովրդի հանրահավաքն է։ Հետևաբար մասնակցելով այդ հանրահավաքին, ՀՀ քաղաքացին պետք է արձանագրի, որ տեր է իր հայրենիքին, և այդ հայրենիքը սակարկման ենթակա չէ։ Արժանապատիվ հայը, նոյեմբերի 5-ին մասնակցելով հավաքին, շատ հստակ արձանագրելու է, որ ՀՀ իշխանությունները չունեն որևէ մանդատ երկիրը որևէ զիջումների և կորուստների տանելու, չունի որևէ իրավունք ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այդ օրը մենք հրավիրում ենք համազգային հանրահավաք, հենց դա արձանագրելու համար։ Հետևաբար այդ հանրահավաքը քաղաքական ու կուսակցական հանրահավաք չէ։ Դա համազգային հանրահավաք է, հանուն Արցախի»։

ՀՅԴ-ական գործիչը դիմեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, Վեհափառին` ակնկալելով օգնությունն ու աջակցությունը այդ շատ կարևոր նախաձեռնությանը․

«Դիմում եմ մեր մտավորականությանը, գիտական համայնքին, արվեստագետներին հայ ժողովրդի ճակատագրական կարևոր պահին կոչով հանդես գալ հանրահավաքին, ցույց տալու հայ մտավորականության կամքը, տեսակետը։

Դիմում եմ հատուկ երիտասարդությանը։ Ոտքի կանգնեք, տեր կանգնենք մեր հայրենիքին՝ ամբողջ աշխարհին ցույց տալով մեր կամքը։ Եկեք միասին ստանձնենք պատրաստակամություն մեր երկրի ճակատագրի համար։

Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին, մի կողմ դնենք կուսակցական, անձնական, քաղաքական շահերը, մրցակցությունը, և համախմբվենք այս կարևոր գաղափարի շուրջ։

Դիմում եմ նաև քաղաքական մեծամասնությանը, որ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ։ Պաշտպանելով Նիկոլին՝ զոհաբերում եք Հայաստանը, Արցախը։ Դեռ ուշ չէ։ Մտքածեք, խելքի եկեք, մի առաջնորդվեք Նիկոլին պաշտպանելու շահերով։

Նոյեմբերի 5-ին ժամը 15։00-ին հայ մարդու կամքի դրսևորման օրն է համահայկական օրակարգով, կոչ ենք անում ոտքի ակնգնել, ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մենք պարտված, խեղճացած, վերջացած, և համակերպավծ ժողովուրդ չենք, մենք տեր ենք մեր հայրենիքին»,- ավելացրեց նա։