կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-22 16:58
Հասարակություն

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է սահմանափակել ԳԱԱ շենքն օտարելու հնարավորությունները

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է սահմանափակել ԳԱԱ շենքն օտարելու հնարավորությունները

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ կատարել` սահմանելով, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օգտագործման համար ամրացված գույքը կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով: Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկները նկատի ունենալով` Բագրատյանը որոշեց հետաձգել հարցի քննարկումը, լրամշակել ու կրկին կառավարության հետ քննարկել հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերով հանձնաժողովում:

«Դեռ 2017-ին տեղեկատվություն ունեցանք, որ ԳԱԱ-ի շենքը ուզում են վաճառել և կառուցել ռեստորանային և հյուրանոցային համալիր: Գիտական աշխարհի կողմից դա խիստ դժգոհություն առաջացրեց, և կանխեցինք այդ գործընթացը: Եվ երաշխավորված չէ, որ հաջորդ կառավարությունը նման մոտեցում կունենա նման կարգի պատմաճարտարապետական արժեքների նկատմամբ: Հաշվի առնելով այս հանգամանքը` նախագիծ եմ ներկայացրել, որով առաջարկել եմ, որ ՀՀ ԳԱԱ-ին ամրացված շենքն ու շինությունները պետք է օտարել միայն հատուկ, բացառիկ դեպքերում, երբ գերակա շահի խնդիր կլինի, ֆորսմաժորային իրավիճակ կլինի»,-ներկայացրեց Բագրատյանը:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ` մասնավորապես մի քանի պատճառաբանություններով: «Նախագծից պարզ չէ, թե որ դեպքերն են դիտարկվում բացառիկ, որոնց առկայության պարագայում միայն օրենքով կարող է օտարվել ակադեմիայի օգտագործման համար ամրացված գույքը: Համամիտ լինելով Բագրատյանի դիտարկմանը, որ ԳԱԱ-ն որքան կարևոր ներդրում է ունեցել և կարող է ունենալ գիտության զարգացման գործում, սակայն միևնույն ժամանակ ակադեմիայի կողմից արտադրվող արդյունքը չպետք է նույնականացնենք շենքի հետ»,-նշեց Անափիոսյանը:

Նա նաև նշեց, որ Պետական գույքի կառավարման մասին օրենքի համապատասխան հոդվածի համաձայն` պետական գույքի օտարման կարգը սահմանում է կառավարությունը: Անափիոսյանի խոսքով` պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման դաշտում նման դրույթի սահմանումը գործնականում կարող է ստեղծել արհեստական խոչընդոտներ պետական գույքի արդյունավետ կառավարման բնագավառում: Սակայն Բագրատյանը հիմնավոր չհամարեց ներկայացրած պատճառաբանությունները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ակադեմիան ունի բազմաթիվ շենքեր, սակայն Բագրատյանի առաջարկը վերաբերում է միայն Բաղրամյան փողոցում գտնվող շենքին: «Ակադեմիան տասնյակ ինստիտուտներ ունեցող ամբողջություն է, և կարող է խնդիրներ ունենանք: Միգուցե խնդիր լինի քաղաքից դուրս շրջաններում գտնվող շենքերը որոշակի փոփոխությունների ենթարկել, ավելի արդյունավետ դարձնել: Իսկ այս նախագծով մենք կառավարությանը զրկում ենք այդ հնարավորությունից»,-նշեց նա ու ներկայացրեց մի շարք դիտարկումներ ու առաջարկներ:

Հաշվի առնելով Հովհաննիսյանի առաջարկները` Բագրատյանն առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը, Հովհաննիսյանի հետ պրոգրեսիվ դատողություններ անել, հետո կառավարությունում նոր քննարկումներ կատարել: Հանձնաժողովի նիստում հետաձգելու առաջարկն ընդունվեց քվեարկությամբ: