կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-16 20:56
Սպորտ

Բագրատյանն առաջարկում է նախկին նախարարներին եւ վարչապետերին թոշակ տրամադրել

Բագրատյանն առաջարկում է նախկին նախարարներին եւ վարչապետերին թոշակ տրամադրել

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրայանի կողմից ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Բագրատյանը մասնավորպես առաջարկում է, որ առնվազն երեք օրացույցային տարի անընդմեջ ՀՀ վարչապետի կամ նախարարի պաշտոն զբաղեցնող անձանց 65 տարին լրանալու դեպքում տրվի պետական կենսաթոշակ:  Օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Բագրատյանը նշեց, որ խոսքը վերաբերում է երկու տասնյակ անձանց, որոնք գործող օրենքի դեպքում ստանալու են 40 հազար դրամ կենսաթոշակ: Մինչդեռ աշխատանքային կենսաթոշակը, համաձայն ներկայացված օրենքի, սահմանվում է տվյալ պաշտոնի դրույքաչափի 70-80 տոկոսի չափով: Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը շեշտեց, որ օրենքի նախագիծը զերծ է անձնական շահագրգռվածությունից, քանի որ Հրանտ Բագրատյանն իր ունեցած 12 տարվա ստաժով կարող է վարչապետի գործակցով կենսաթոշակ ստանալ:

Հանձնաժողովի անդամ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց, թե ինչու է ընտրվել երեք տարին: «Գցեցինք- բռնեցինք, եկանք մի եզրակացության, որ երեք տարին նորմալ ժամկետ է»,- ասաց Բագրատյանը:

Աղվան Վարդանյանը հակադարձեց` ասելով, որ պետք է անցումային լուծում գտնել այդ հարցին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծիք հայտնեց. «Լավ նախաձեռնություն է, բայց եթե կարողանայինք արժանի նախարարներին ոչ արժանիներից զատել, լավ կլիներ, որովհետև կան նախարարներ, որոնք իրենց գործառույթը չեն իրականացնում, տուրիստի կարգավիճակով գալի- գնում են, ու ոչինչ չեն անում»,- ասաց նա: Նախագիծը դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն՝ մտնելով ԱԺ մեծ օրակարգ: