կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-17 14:49
Իրավական

30 էջանոց մեղադրական եզրակացության մեջ միայն երկու պարբերություն է վերագրվում մեր պաշտպանյալի գործողություններին. Հովհաննես Խուդոյան

30 էջանոց մեղադրական եզրակացության մեջ միայն երկու պարբերություն է վերագրվում  մեր պաշտպանյալի գործողություններին. Հովհաննես Խուդոյան

ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը՝ առաջին տառից մինչև վերջին տառը, ձևականություն է, քանի որ մենք չենք իմանում՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:

«Քանի որ մենք չենք իմանում, թե ով է մեղավոր, ով՝ անմեղ, կա անմեղության կանխավարկած: Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է այն ձևը, մոտեցումը և ընթացակարգը, որի շրջանակում անձի մեղավորությունը պիտի հաստատվի, հակառակ դեպքում՝ դատավարություն չէինք ունենա, ուստի փաստարկները, թե սա ձևական է, ձևի հետևից են ընկել, չի համապատասխանում իրավական պետության կոնցեպտին: Այսինքն՝ իրավական պետությունը ենթադրում է ընթացակարգ, հետևաբար՝ եթե մենք բարձրաձայնում ենք ընթացակարգային խախտումների մասին, ձևական չէ, ինչի մասին ասում է դատախազը: Երբ մենք ասում ենք, որ անձին չի պարզաբանվել մեղադրանքի էությունը, սա ոչ թե ինչ–որ բան ենք գտել ու փորձում ենք դրա վրա հիմնվել, այլ եթե անձը չգիտի, թե ինչում է մեղադրվում, չի կարող պաշտպանվել: Ավելին` ոչ թե մենք չգիտենք ինչում են մեզ մեղադրում, հանրությունը չգիտի: Եվ հիմա եթե դուրս գաք և հարցնեք՝ ինչո՞ւմ են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին,  տարբեր պատասխաններ կստանաք՝ ընդհանուր բնույթի` Մարտի 1-ի, սպանությունների գնահատականից մինչև ընտրությունների կեղծում, որը սրա հետ կապ չունի»,- նշեց նա:

Փաստաբանը հավելեց, որ դատարանում ոչ մի անդրադարձ չեղավ այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը չունի դատավարական մեղադրյալի կարգավիճակ: «Ենթադրում եմ՝ պատասխան չունեին: Հարմար է՝ որ մասով կիսատ պատասխան ունեն, տան, որ մասով  չունեն՝  չտան»,-ընդգծեց Օրբելյանը: 

Հանդիպմանը ներկա պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը լրացրեց՝ 30 էջանոց մեղադրական եզրակացության մեջ միայն երկու պարբերություն է վերագրվում իրենց պաշտպանյալի գործողություններին: Մինչդեռ, ըստ նրա, ներկայացվում են տարբեր մարդկանց կողմից բազմաթիվ գործողություններ, ընդ որում` չի առանձնացվում, թե յուրաքանչյուրն ինչ գործողություն է կատարել, այսինքն՝ թվարկվում են գործող անձինք, գործողություններ, ու այնպես է տրվում ձևակերպումը, որ այդ բոլոր գործողությունները կատարել են այդ բոլոր անձինք:

«Գլխավոր դատախազը ներկայացրեց վատ տպավորություն թողնող բաներ, որոնք բացարձակ կապ չունեն այս գործի հետ` թե ոստիկանությունն ինչ գործողություններ է կատարել, ինչ կեղծիքներ են կատարվել, կատարվե՞լ են, թե՞ ոչ: Մենք տեսնում ենք հանրության շրջանում կրքեր բորբոքելու տրամադրություն, ցույց տալ ինչ-որ բացասական, անհասկանալի գործողություններ և հիմնավորել, որ այս մեղադրանքը պիտի շարունակի իր գոյությունը: Մենք հստակ հարցեր ենք առաջադրել՝ նշեք գործողություններ, որոնք վերագրվում են, հիմնավորեք դրանք, բայց այս դատաքննությունն այդ հարցերին կրկին պատասխան չտրվեց»,- շեշտեց Խուդոյանը: 

Անդրադառնալով Քրեական օրենսգրքի 301.1 և 300 հոդվածների համակցությանը՝ Օրբելյանը նշեց, որ գլխավոր դատախազը երեկվա դատական նիստու փաստացի մեղադրեց Վերաքննիչ դատարանի քրեական պալատի նախագահին անօրինական ակտ կայացնելու մեջ, թե իբր փաստաթուղթը պատճառաբանված չէ:  «Այն պատճառաբանված է, և նախատեսված է նոր հանցակազմ»,- ընդգծեց նա:

Նոր հանցակազմը նշանակում է ոչ հին հանցակազմ, այսինքն` այն, որը նախկինում գոյություն չուներ: