կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-05 14:42
Քաղաքական

Դատախազությունը պնդեց՝ թույլ տալ այսօր հրապարակել Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը. նիստը, սակայն, հետաձգվեց

Դատախազությունը պնդեց՝ թույլ տալ այսօր հրապարակել Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը. նիստը, սակայն, հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստում Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ժամանակ խնդրեց՝ ծանոթանալու գործի նյութերին։ Նա նոր է ներգրավվել որպես Գևորգյանի պաշտպան։

Մեղադրող դատախաղ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց՝ ինքը Լուսինե Սահակյանի հետ մեկ հարցում համաձայն է՝ ինքն էլ տպավորություն ունի, որ այս գործով դատական նիստերը, կարծես,  փորձ է արվում անընդհատ ձգձգել։

«Ես լրիվ համաձայն եմ, բայց դատարանին այդ հարցում մեղադրելու փոխարեն ես Լուսինե Սահակյանին խորհուրդ եմ տալիս նիստից հետո դիտել իր ելույթի տեսագրությունը»,- ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, թե շատ լավ են հասկանում այն հնարքը, որ դատարանում փորձում է անել պաշտպանական կողմը։ Դատախազը դատարանին միջնորդեց չհետաձգել դատական նիստն ու իրենց հնարավորություն տալ հրապարակելու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Լուսինե Սահակյանն էլ ասաց, թե այստեղ եկել է պաշտպանություն իրականացնելու, ոչ թե՝ ուղղակի նստելու։ «Ուստի խնդրում եմ ինձ տրամադրել ողջամիտ ժամկետ»,- ասաց փաստաբանը։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, թե ականատես են լինում, որ մեղադրական կողմի թերացումները փորձ է արվում օգտագործել պաշտպանական կողմի դեմ։

«Սա հերթական թերացման հետևանքն է, ինչ այսօր տեղի է ունենում»,- ասաց փաստաբանը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը ևս մեկ շաբաթ է տալիս Լուսինե Սահակյանին, որ ծանոթանա գործի նյութերին։ Սահակյանն էլ ասաց, որ դա ողջամիտ ժամկետ չէ ու չի կարող ամբողջությամբ ծանոթանալ նյութերին։

Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 13։00-ն։