կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-15 16:36
Իրավական

Մենք լրացնում ենք քննչական մարմինների կողմից հատուկ թույլ տրված բացը. Քոչարյանը՝ իր պաշտպանի կողմից Արշակ Կարապետյանի ցուցմունքը հրապարակելու մասին

Մենք լրացնում ենք քննչական մարմինների կողմից հատուկ  թույլ տրված բացը. Քոչարյանը՝ իր պաշտպանի կողմից Արշակ Կարապետյանի ցուցմունքը հրապարակելու մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը: Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը դատարանում հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ներկայիս խորհրդական, Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ  Արշակ Կարապետյանի ցուցմունքը:

«Ասում է. «Իմ հիշելով` 2008-ի փետրվարի 23-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ-ի, ԱԱԾ-ի և ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների, ուժային կառույցների վարչությունների և առանձին կառույցների պետերի մասնակցությամբ, խորհրդակցություն է անցկացրել: Եթե չեմ սխալվում՝ մինչև ՊՆ ստորաբաժանումների ղեկավարության` դահլիճ մտնելը, նախագահն առանձին խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների հետ, իսկ ուժային նշված կառույցների անձնակազմի դուրս գալուց հետո ՀՀ ՊՆ ղեկավար կազմն է ներս մտել, այդ թվում՝ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Ի դեպ, մեր հետ խորհրդակցությանը, որքան հիշում եմ, մասնակցում էին այլ ուժային կառույցների միայն ղեկավարները: Քոչարյանի հետ խորհրդակցության սենյակում էր նաև վարչապետ, հաղթող թեկնածու Սերժ Սարգսյանը: Խորհրդակցությունը սկսվեց լարված մթնոլորտում, այն սկսվեց Երևանում տեղի ունեցող իրադարձությունից»,-Կարապետյանի ցուցմունքը ներկայացրեց Հայկ Ալումյանը:

Դատավոր Գրիգորյանը միջամտեց և հորդորեց ցուցմունքն ամբողջությամբ չկարդալ: Ալումյանը շարունակեց, թե խորհրդակցության ընթացքում խոսք է գնացել պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի և ԵԿՄ-ի մասին, մասնավորապես` որ Մանվել Գրիգորյանը և նրա ղեկավարած կառույցը միացել էին ընդդիմադիր քաղաքական ուժերին:

««Խոսք գնաց ԵԿՄ անդամների և Մանվել Գրիգորյանի զինվածության մասին, ինչն իրենից վտանգ էր ներկայացնում»: Սա դեռ Արշակ Կարապետյանն է ասում»,- լրացրեց փաստաբանը, և դատավորի դիտողությունից հետո, թե հարկ է առավել սեղմ ներկայացնել, շարունակեց ներկայացնել Արշակ Կարապետյանի ցուցմունքը:

««Որքան հիշում եմ՝ դրանից հետո Քոչարյանն ասաց՝ այսօրվանից՝ 00.00-ից, հայտարարում եմ արտակարգ դրություն»: Տեսեք ինչն է կարևոր, մենք եկանք, հասանք այն միակ բանին, որն Արշակ Կարապետյանի ցուցմունքը բնորոշվում է որպես կասկած առաջացնող: Մեղադրողն ուրիշ ձև էր ներկայացնում, բայց այստեղ տեսեք` ինչ է ասում. «Որքան հիշում եմ՝ դրանից հետո Քոչարյանն ասաց, որ այսօրվանից՝ 00.00-ից, հայտարարում եմ արտակարգ դրություն, որին անմիջապես հաջորդեց Սերժ Սարգսյանի առաջարկը, որ ստեղծվի առանձին զինվորական վարչակազմ՝ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, քանի որ նա էր Երևանի կայազորի պետը: Խորհրդակցության ավարտից հետո սպաների մի հատվածի մոտ դժգոհություն առաջացավ, թե ինչու պիտի ընդգրկվեն Երևանում տեղի ունեցող իրադարձություններում: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրապարակել է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը, չնայած ՀՀ ԶՈւ-ին արտակարգ դրություն հայտարարել էր փետրվարի 23-ին»: Այսինքն՝ գերագույն գլխավոր հրամանատարը առնվազն բանավոր հրաման էր տվել, ինչն էլ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը կատարել էր: Սրան են մեղադրողները հղում անում: Ես օբյեկտիվ եղա և ներկայացրեցի մյուս կողմի փաստարկը: Հիմա տեսեք՝ Սերժ Սարգսյանը հերքել է Արշակ Կարապետյանի ասածը՝ հայտնելով, որ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, խորհրդակցությանը մասնակցել է ԶՈւ բարձրաստիճան սպայական կազմը, որի ընդհանուր նպատակը եղել է ԶՈՒ ղեկավար կազմին նախազգուշացնել, որ «ցուցարարների ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին, և որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»: Այսինքն՝ նպատակն է եղել զգուշացնել, որ սպաները չներգրավվեն պրոցեսների մեջ»,- ամփոփեց Ալումյանը, որի խոսքը ժամանակ առ ժամանակ դատավորն ընդհատում էր:

ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց.  «Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինը և դատախազությունն այդ նյութերը ներկայացրած լինեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ են տվել քննչական մարմինը և զինդատախազությունը: Սա է պատճառը: Եթե դուք կարծում եք, որ սա մեջբերում չէ՞... Ամեն մի ցուցմունքը 10, 15, 20, 30 էջերից է կազմված: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Եթե մեջբերումի տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ չես կարող արտահայտել այն, ինչն ուզում ես ասել: Կրկնում եմ՝ պատճառը մեկն է, եթե նրանք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը մենք չէինք ունենա: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»: