Միասին կարող ենք
կարևոր
490 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-25 22:07
Հասարակություն

Ռուսաց լեզուն ոչինչ չի վերացնում․ այն լրացնում է մյուս լեզուներին իր ներկայությամբ և իր հնարավորություններով․ Զախարովա

Ռուսաց լեզուն ոչինչ չի վերացնում․ այն լրացնում է մյուս լեզուներին իր ներկայությամբ և իր հնարավորություններով․ Զախարովա

Մեր երկրում ռուսաց լեզվի զարգացմանը՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգում, որը հաստատվել է 2023 թվականին, հստակ ձևակերպված է խնդիր՝ ամրապնդել ռուսաց լեզվի դիրքերը աշխարհում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան ՝ «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական-գործարար համաժողովի շրջանակում։

«Այս հարցին հակիրճ, բայց բովանդակալից պատասխանել է Սերգեյ Լավրովը՝ ռուսաց լեզվին նվիրված միջազգային կազմակերպության առաջին նախարարական համաժողովում։ Նա ասել է, որ ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդումը աշխարհում, առանց չափազանցության, մոլորակի մշակութաքաղաքակրթական բազմազանության պահպանման գրավականն է։

Սա չի նշանակում նվաճել, ենթարկել կամ խլել։ Սա նշանակում է հնարավորություն տալ միասին, հավասարության և փոխադարձ հարգանքի հիման վրա, ստեղծել ինչ-որ լավ բան բոլորի համար։

Այսօր այստեղ ելույթ ունեցող Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից յուրաքանչյուրը զբաղվում է այդ հայեցակարգի իրականացման որոշակի ուղղությամբ։ Նախարարությունում կան բազմաթիվ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են ռուսաց լեզվի աջակցության տարբեր ոլորտների համար։

Օրինակ՝ ԱՊՀ երկրների առաջին վարչությունը զբաղվել է այն նախաձեռնությամբ, որը ներկայացրել էր Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ ռուսաց լեզվի զարգացմանն ու աջակցությանը նվիրված միջազգային կառույց ստեղծելու վերաբերյալ։ Եվ հենց մեր դիվանագետներն էին աշխատում այն գործընթացի վրա, որի արդյունքը դուք տեսաք մեկ ամիս առաջ։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահին այս կարևոր և արդիական նախաձեռնության համար», - ասել է Զախարովան։

Նա նշում է, որ մեկ այլ ուղղություն է Արտաքին գործերի նախարարության միջազգային մշակութային և հումանիտար համագործակցության դեպարտամենտը, որը համակարգում է արտասահմանում ռուսաց լեզվի տարածման հարցերը։ Այն աշխատում է Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ միասին։

Կա նաև բազմակողմ համագործակցության և մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտը, որը զբաղվում է արտասահմանում ռուսաստանյան սփյուռքի լեզվական իրավունքների պաշտպանությամբ՝ մայրենի լեզվով խոսելու, այն օգտագործելու իրավունքով։

«Մենք առաջնորդվում ենք մի շարք պետական փաստաթղթերով։ Ռուսաստանի նախագահի 2025 թվականի հուլիսի 11-ի հրամանագրով հաստատված պետական լեզվական քաղաքականության հիմունքներում ընդգծվում է, որ ռուսաց լեզուն ձևավորում է համառուսաստանյան քաղաքացիական ինքնությունը և միասնական մշակութային տարածքը։

Այստեղ ոչ մի խոսք չկա աշխարհը նվաճելու մասին։ Խոսքը քաղաքակրթական տարածքի, ազգային հարստության, համաշխարհային մշակույթի կարևոր բաղադրիչի մասին է։

Ռուսաց լեզուն ոչինչ չի վերացնում․ այն լրացնում է մյուս լեզուներին իր ներկայությամբ և իր հնարավորություններով», - ընդգծել է նա։

Զախարովան հավելում է, որ Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում ևս նշվում է, որ ավանդական հոգևոր-բարոյական արժեքների, մշակույթի և պատմական հիշողության պաշտպանությունը ներառում է նաև ռուսաց լեզվի պաշտպանությունը։

Այս բոլոր փաստաթղթերը բաց են, դուք կարող եք ծանոթանալ դրանց։ Ռուսաստանի ԱԳՆ կայքում նույնիսկ առանձին բաժին կա՝ «Ռուսաց լեզվի առաջ մղումը արտասահմանում» անվամբ, որտեղ ներկայացված են բոլոր միջոցառումները, լուսանկարները, տեսանյութերը։ Դուք ինքներդ կարող եք գնահատել՝ արդյոք այնտեղ կա մի բան, որը ձեզ անհանգստացնում է կամ թվում է ոչ էթիկական։

«Այսօր, երբ աշխարհի որոշ հատվածի փոքրամասնությունը աննախադեպ ճնշում է գործադրում մնացածների նկատմամբ, Եվրասիան պետք է ոչ միայն պաշտպանի իրեն, այլ նաև օրինակ ծառայի աշխարհին՝ ցույց տալով, թե ինչպես կարող են տարբեր մշակույթների, պատմությունների, ժողովուրդների ու կրոնների մարդիկ ապրել միասին։

Տնտեսական կապերը կարելի է խաթարել պատժամիջոցներով, շանտաժով, ճնշմամբ։ Բայց կան բաներ, որոնք չես կարող վերացնել։ Դա մշակույթն է, լեզուն, փոխադարձ հարգանքը։

Տեսեք, որքան են փորձում վերացնել ռուսաց լեզուն Ուկրաինայում՝ քվոտաներով, սահմանափակումներով, արդեն նաև ուղիղ ճնշումներով։ Բայց անգամ իրենց վիճակագրությունն է ցույց տալիս՝ որքան շատ արգելում են ռուսաց լեզուն, այնքան այն ավելի պահանջված է դառնում։

Ինչո՞ւ։ Որովհետև քաղաքակիրթ ձևով ստեղծվածը հնարավոր չէ բարբարոսաբար վերացնել», - ասել է նա։

Տեղեկանք․

«Եվրասիա»-ն ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը և ծրագրեր է իրականացնում մասնավոր միջոցներով։

«Եվրասիա»-ի առաքելությունն է միավորել տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդկանց, որպեսզի միասին պահպանեն ավանդական արժեքները, պատմական հիշողությունը և Եվրասիայի ժողովուրդների միասնական մշակութային կոդը։

Կազմակերպության ծրագրերն ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ կրթությունից և բժշկությունից մինչև մշակույթ, կամավորություն և բարեգործություն։

Դրոշակակիր ծրագրերը նպաստում են ռուսաց լեզվի դերի ամրապնդմանը՝ որպես մայրցամաքում միջմշակութային երկխոսության միջոց։

«Եվրասիա»-ն նոր հնարավորություններ է ստեղծում տարբեր երկրների երեխաների, ընտանիքների և երիտասարդության համար, զարգացնում է մանկավարժների, բժիշկների, լրագրողների, գիտնականների և փորձագետների մասնագիտական համայնքները։

Կազմակերպությունն իրականացնում է նաև բնապահպանական, կամավորական և հումանիտար առաքելություններ։

Երկու տարվա ընթացքում «Եվրասիա»-ի նախաձեռնություններին աջակցել է ավելի քան 120 հազար համախոհ՝ աշխարհի գրեթե 40 երկրից։