կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-14 15:32
Հասարակություն

Իժևսկում կատարվել են եկեղեցական անօրինական արարողություններ

Իժևսկում կատարվել են եկեղեցական անօրինական արարողություններ

Մայիսի 3-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի օրհնությամբ` մի խումբ հոգևորականներ (Տ․ Հակոբ քհն․ Սարոյան- Իժևսկի նորակառույց հայկական եկեղեցու հոգևոր հովիվ, Տ․ Արիստակես քհն․ Հովհաննիսյան- Եկատերինբուրգի Ս․ Հովհաննես Կարապետ եկեղեցի, Տ․ Սեբեոս քհն․ Ղալեչյան-Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, Տ․ Առաքել քհն․ Ամիրյան- Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի), փոխառաջնորդ Տ․ Հարություն աբեղա Կիրակոսյանի առաջնորդությամբ, մեկնեցին Իժևսկ (Ուդմուրտիայի հանրապետություն)՝ պարզաբանելու համայնքային կյանքում տեղ գտած Հայ Եկեղեցու կանոնական և թեմական գործունեությանն առնչվող անօրինականությունները, ինչպես նաև անցկացնելու քննարկումներ՝ ուղղված ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվանից:

Տեղեկացնենք, որ ապրիլի 22-ին հայ համայնքի նախագահ Մնացական Առաքելյանի նախաձեռնությամբ Իժևսկ են հրավիրվել կարգալույծ 2 հոգևորական և խաբեությամբ ներկայացվել իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականներ, կազմակերպվել են հանդիպումներ հոգևոր և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կատարվել եկեղեցական անօրինական արարողություններ (հավաքական մկրտություն և պատարագ)։

Անօրինական գործունեությանը հաջորդել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմական խորհրդի որոշումը՝ անձի նկատմամբ անվստահության արտահայտության և ապա թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանի տնօրինությունը՝ ըստ որի Մնացական Առաքելյանն ազատվել է ծխական խորհրդի ատենապետի պաշտոնից և այլևս չի համարվում լիազորված անձ Իժևսկի կրոնական համայնքը պետական և հասարակական որևէ կառույցում ներկայացնելու համար։

Պատվիրակության մեջ ընդգրված թեմի հոգևորականները, ովքեր տարիներ շարունակ պարբերաբար այցելել են Իժևսկ և եկեղեցական արարողություններ իրականացրել, հանդիպում ունեցան հայ համայնքի անդամների հետ։ Նրանք ներկայացրեցին ապրիլի 22-ից 25-ը համայնքի կյանքում տեղ գտած անօրինականությունները, իրազեկեցին, որ հրավիրյալ «հոգևորականները» Հայ Եկեղեցու սպասավորներ չեն, քանի որ վաղուց հռչակված են կարգալույծ, հետևաբար չեն կարող Հայ Առաքելական Եկեղեցում կամ որևէ այլ տեղ կատարել եկեղեցական խորհուրդ և արարողություն, ինչպես նաև պատասխանեցին թեմի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներին։ 

Մայիսի 6-ին պատվիրակության անդամները «Ազգերի բարեկամության տանը» հանդիպում ունեցան Ուդմուրտիայի հանրապետության ազգային քաղաքականության նախարար Լարիսա Բուրանովայի հետ՝ քննարկելով ապրիլի 22-ից 25-ը կատարված դեպքերը։ «Ինձ համար ցավալի է և տհաճ, որ նման դեպքեր են տեղի ունեցել Իժևսկի հայկական համայնքում։ Մեր դիրքորոշումը հստակ է․ մեզ համար գոյություն ունի մեկ Հայ Առաքելական Եկեղեցի և մեկ հովվապետ։ Այդ օրերին կատարվածը չի կարող ազդել մեր հարաբերությունների վրա։ Իժևսկում մեզ համար ընդունելի է այն հոգևորականը, ում կնշանակի թեմակալ առաջնորդը»,-ասաց նախարարն իր խոսքում։

Ռուս Ուղղափառ Եկեղեցու Իժևսկի և Ուդմուրտիայի թեմի առաջնորդ միտրոպոլիտ Վիկտորինը ևս խոր հիասթափությամբ խոսեց խաբված լինելու համար՝ դատապարտելով այն իրողությունը, որ կարգալույծների կողմից կատարվել են եկեղեցական խորհուրդներ և արարողություններ, ինչպես նաև համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդիպում կազմակերպել իր հետ։
(Այս մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ՝ 
http://udmeparhia.cerkov.ru/…/vstretilsya-armyanskoj-cerkvi/

Միտրոպոլիտ Վիկտորինի հետ զրույցի ընթացքում փոխառաջնորդ Տ․ Հարություն աբեղա Կիրակոսյանը նշեց, որ եկեղեցականի առաքելությունը ծառայությունն է ժողովրդին թե հայրենիքում և թե սփյուռքում։Հետևաբար նորակառույց հայկական եկեղեցին առաջիկային կունենա հոգևոր հովիվ, ով նաև կկազմակերպի եկեղեցու օծման և հանդիսավոր բացման նախապատրաստական աշխատանքները և իր մշտական ծառայությունը կբերի համայնքի հոգևոր, ազգային և մշակութային կյանքի զորացմանը։