Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ապարանում տեղի են ունեցել Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցել են մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաններ:
Առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումների շարք է կազմակերպել Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, և այսօր այդ միջոցառումների շրջանակում Ապարան էին ժամանալ ՀՅԴ-ականները: Բաշ-Ապարանում ամփոփված Դրաստամատ Կանայանի շիրիմի մոտ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Ղազարյանը նախ շնորհավորեց հերոսամարտի 100-ամյակի կապակցությամբ, ապա իր խոսքում նշեց, որ Առաջին հանրապետության ստեղծումով վերածնվեց մեր բաղձալի երազանքը՝ հայոց պետականությունը: Նա նշեց, որ Բաշ Ապարանում տարած հաղթանակի շնորհիվ է նաև, որ այսօր հայն ապրում է ազատ` իր հայրենիքում:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ նշեց, որ արդեն 100 տարի իրականություն է մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վեր հառնած հայոց պետականությունը: Նա ասաց, որ հոբելյանական միջոցառումների առիթով մեկս մյուսին շնորհավորելու, մեկս մյուսին ոգևորելու և մեկս մյուսով ոգևորվելու առիթ ունենք:
«20-րդ դարի դարասկզբում հայոց պետականության վերականգնումն իրոք հարգանքի և խոնարհումի արժանի սխրանք էր: Երբ վերականգնվեց հայոց պետականությունը դարերի ընդմիջումից հետո, շատերը թերահավատ էին, ծափերով և ցնծությամբ չընդունվեց անկախության վերականգնումը, որովհետև մտահոգությունների տեղիք կար, երկիրը ավերակների մեջ էր, շատ քչերն էին հավատում, որ կարելի է այդ փլատակների վրա պետականություն կերտել: Բայց շատ կարճ ժամանակահատվածում նիվրյալների ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ավերակներից կերտել պետականություն, և ընդամենը մի քանի ամիս հետո մեր պետականության սահմանները 5-6 անգամ ընդարձակվեցին: Մի քանի ամսվա ընթացքում պետական համակարգը ձևավորվեց և կուռ ջանքերի շնորհիվ կերտվեց բանակ, Հայոց պետականությունը դարձավ իրականություն»,- ասաց նա:
Համբարձումյանն ընդգծեց, որ անհնարինը հնարավոր դարձրեցին նվիրյալները՝ մարդիկ, ովքեր անցել էին հեղափոխական պայքարի բովով և օրվա պահանջով դարձան պետական գործիչներ, այնպիսի գործիչներ, որ օրինակ են անգամ այսօր: «Այժմ մենք բոլորս մեր ներդրումը ունենալու հրամայականի առջև ենք. բոլորիս ջանքերով հայրենքը պետք է հայրենիք դառնա: Մենք պետք է այս հայրենիքի տերը լինենք: Մեր հայրենիքի զարգացման ամենամեծ գրավականը նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որը կաշկանդում չունի, ծնվել, մեծացելէ անկախ հայրենիքի սահմաններում, և որևէ կապանք այս սերունդը չունի՝ հայրենքը հզորացնելու, շենացնելու, հպարտ քաղաքացի լինելու: Նոր եռանդով, ջանքով մեր պետականությունն ավելի հզորացնենք և գիտակցենք, որ մենք մեկ ամբողջություն ենք, և բոլորս պետք է ծառայենք մեկ նպատակի՝ հայոց պետականության հզորացմանը»,- եզրափակեց նա:
Հերոսամարտի 100-ամյակի միջոցառմանն էին մասնակցում նաև Առաջին հանրապետության կերտողներից, հայ զորավար Դրաստամատ Կանայանի թոռները՝ Ֆիլիպ և Դրո Կանայանները: «Ինչպես բոլորս գիտենք, Բաշ-Ապարանի ճակատամարտը կարևոր ճակատամարտերից մեկն էր: Այս հերոսամարտով մենք ասացինք, որ այլևս ջարդերը պետք է կանգնեն: Դրոն մեկ բանի էր հավատում՝ ազատ, անկախ և Միացյալ Հայաստանի, և դրա ճանապարհը Հայ Հեղափոխական Դաշնակցությունն էր: Առանց ՀՅԴ Դրո չկար և առանց Դրո ՀՅԴ չկար: Նա միշտ ասում էր, որ ՀՅԴ աստվածներն էին, որ այս հայրենիքը փրկեցին»,- ասաց Ֆիլիպ Կանայանը:
Նշենք, որ առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված տոնակատարությունների ընթացքում ՀՅԴ շարքերն են համալրելու 100 նորագիրներ: Եվ ահա այսօր նախ Դրաստամատ Կանայանի շիրիմի մոտ, ապա Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի մոտ տեղի ունեցան նաև երդման արարողություններ: Մի քանի տասնյակ նորագիրներ անդամագրվեցին ՀՅԴ շարքերը: