Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը` հանդիսանալով աշխարհասփիւռ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների աշխատանքներն համադրող եւ համակարգող մարմին, կրում է բոլոր այդ հասարակութիւններում՝ յատկապէս Հայաստանի ընկերվարական եւ ժողովրդավարական արժեքների կայացման եւ ամրապնդման յանձնառութիւնը:
Հաւատարիմ մնալով Հայաստանում ընկերվարական եւ ժողովրդավարական արժեքնրի ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու իր յանձնառութեանը, Երիտասարդական Գրասենեակը Խորը մտահոգութիւն է յայտնում ՀՀ կառավարութեան կողմից առաջարկուած Հարկային օրենսգրքում փոփոխութիւններ կատարելու փաթեթին, որով նախատեսուած է համահարթեցնել եկամտային հարկը, ինչի արդիւնքում աւելի ծանր սոցիալական պայմաններում են յայտնվելու ցածր եկամուտ ստացող բնակչութեան մեծամասնութիւնը, որն իր մէջ ներառում է աշխատաւորներին, երիտասարդներին, ուսանողներին, նորակազմ ընտանիքներին եւ հասարակութեան այլ խոցելի խաւերի ներկայացուցիչներին:
Ցանկացած իշխանութիւն՝ ներկայ թէ ապագայ, պետք է առաջնորդուի եւ համապատասխան բարեփոխումների առաջարկութիւններով հանդէս գայ՝ ելնելով տուեալ ժամանակահատուածում բնակչութեան կարգավիճակից բխող կարիքներից եւ պահանջներից: Այսօր ՀՀ կառավարութեան կողմից առաջարկուող եկամտային հարկի համահարթեցման նախագիծը ամբողջութեամբ հակասում է ՀՀ բնակչութեան մեծամասնութեան շահերին:
Աստիճանական (պրոգրեսիվ) հարկման համակարգը աշխարհի բազմաթիվ երկրներում՝ յատկապէս Հայաստանի նման աղքատութեան եւ գործազրկութեան ցուցանիշներ ունեցողներում, գործող ամենէն արդիւնաւետ հարկային համակարգն է, որի կիրառմամբ է միայն հնարավոր հաղթահարել հասարակութեան շերտերի միջեւ առկայ բեւեռուածութիւնը, արդար բաշխել պետական միջոցները եւ ստեղծել սոցիալական հիմքերի վրայ հիմնուած համերաշխ եւ երջանիկ հասարակութիւն:
Մենք համոզուած ենք, որ միայն արդար եւ առողջ եկամտային հարկի համակարգ ունենալով կարելի է կառուցել ուժեղ եւ երկրի շահերը սպասարկող տնտեսութիւն եւ ունենալ կայացած միջին խավ, որը հանդիսանում է իւրաքանչիւր երկրի տնտեսութեան զարգացման կարեւորագոյն բաղադրիչը:
Հաշուի առնելով վերոնշեալը՝ մեր մտահոգութիւնն ենք յայտնում առաջարկուող փոփոխութիւնների փաթեթի վերաբերեալ եւ կոչ ենք անում ՀՀ իշխանութիւններին ետ կանչել համահարթեցման նախագիծը:
Վերահաստատելով Հայաստանում սոցիալական արդարութեան կերտման մեր առաքելութիւնը, կոչ ենք անում բոլոր համախոհներին դեմ արտայայտուել կառավարութեան առաջ քաշած նախագծին եւ համախմբուել հասարակութեան մեծամասնության շահերի պաշտպանութեան շուրջ:
ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ