| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կալիֆորնիայում դաշնակցական երիտասարդները տապալել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, երկրի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքին նվիրված ևս մեկ միջոցառում, որը կազմակերպվել է նոյեմբերի 9-13-ը՝ «Աթաթուրքի շաբաթ» միջոցառումների շրջանակներում:
ԱՄՆ ՀՅԴ Երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կալիֆորնիայի «Չափման» համալսարանում Աթաթուրքի մասին դասախոսության պահին հայ երիտասարդները «ներխուժել են» լսարան՝ մեջքով շրջվելով դեպի թուրքերը: Երիտասարդներն սկսել են բարձրաձայն վանկարկել «Ամոթ Աթաթուրքին, ամոթ Թուրքիային», ինչը դասախոսությունը լսող ազգայնամոլ թուրքերի շրջանում մեծ վրդովմունք է առաջացրել:
ԱՄՆ ՀՅԴ Երիտասարդական միության էջում տեղադրված տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես են կատաղած թուրքերը փորձում հարձակվել հայ երիտասարդների վրա, թքում, հայհոյում՝ փորձելով հակադարձել տղաներին: Ներկաներից մեկն անգամ հանդգնում է միջնամատ ցույց տալ երիտասարդ հայորդուն:
Չկորցնելով իրենց՝ հայորդիները թևանցուկ շարունակում են ցույցը՝ հասնելով իրենց բուն նպատակին` տապալել Աթաթուրքի մասին դասախոսությունը: Չկարողանալով հակառակվել հայ երիտասարդներին՝ հավաքված ամբոխը ստիպված լքում է դահլիճը:
Հիշեցնենք, որ երեկ Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանում ՀՅԴ անդամ հայ ուսանողները նունպես տապալել էին Աթաթուրքի մասին դասախոսությունը: Այն պահին, երբ Աթաթուրքի և թուրքական քարոզչությունն իրականացնելու համար դասախոսը մտել էր լսարան, հայ ուսանողները մեջքով շրջվել էին դեպի նա՝ վանկարկելով «Ցեղասպանությունը ժխտվում է», «Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանության համար»: Դասախոսը ստիպված լքել էր լսարանը:
Նշենք նաև, որ ՀՅԴ ԱՄՆ-ի միությունը նաև կոչ է արել միանալ հայկական, քրդական, եզդիական և մարդու իրավունքների կազմակերպություններին՝ արտահայտելու Էրդողանի և նրա կուսակցության կողմից քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահների և պատգամավորների դեմ ոտնձգությունները: