կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-07 18:38
Քաղաքական

Համաձայնագիր ունենալն անհրաժեշտություն է. Պարգև սրբազան

Համաձայնագիր ունենալն անհրաժեշտություն է. Պարգև սրբազան

ՀՅԴ-ի կազմակերպած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումից հետո լրագրողների հետ կարճ զրույց ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ համաձայնագիր ունենալն անհրաժեշտություն է, և հստակեցրեց, որ այն դե ֆակտո կար, բայց կարիք կա, որ դե յուրե էլ լինի: «Եթե դե յուրե ունենանք այդ պայմանագիրը, այն կարող է լայն բացել Հայաստանի թևերը, գործելու սահմանները»,- նշեց սրբազանը:

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ դաշնագրի կնքումը կարող է բարդացնել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ մեր հարաբերությունները, նա արձագանքեց. «Սրանից էլ ավելի վատ վիճա՞կ. պատերազմական վիճակում ենք, սրանից էլ վատ վիճակը ո՞րն է: Ամեն օր կրակում են սահմանին»:

Հարցին` ի՞նչը կարող էր պատճառ լինել տևական ժամանակ դադարած կրակոցների վերսկսմանը, սրբազանը պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ նրանք հույսը կորցրեցին, թե մենք ինքնակամ ինչ-որ բաներ պետք է զիջենք, հասկացան, որ մենք նույն սկզբունքների վրա ենք հիմնվելու»:

Խոսելով դիվանագիտական հարաբերությունների մասին` Արցախի թեմի առաջնորդն ասաց, թե չի կարծում, որ դիվանագիտական առումով հեռացել ենք որևէ կետից, ունենք այն, ինչ ունենք` ռազմական հաղթանակներ, որոնք դիվանագիտական դաշտում մի քիչ դժվար է ամրագրել, և դա հասկանալի է:

«Ճկունության դեպքում գուցե հնարավոր լինի ամրագրել այդ ամենը» հարցին Պարգև սրբազանը պատասխանեց, որ հարցը ճկունության մեջ չէ, պարզապես ոչ ոք չի ուզում ճանաչելու հետ հաշտվել, թեև բացառիկ դեպքեր կան` Աբխազիա, Օսիա, Կոսովո:

«Ի վերջո, պետք է հասնել դրան: Դժվար է ընթացքը, բայց չպետք է ընկճվել, համառորեն պետք է շարունակենք պաշտպանել մեր իրավունքները: Պետք է գնանք առաջ: Մի քիչ կնճռոտ, մի քիչ դժվար ճանապարհ է, բայց պետք է գնանք առաջ»,- ընդգծեց նա: