Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ Yerkir.am-ը զրուցել է Հայաստանում աշխարհազոր ստեղծելու առաջարկի ու դրա անհրաժեշտության մասին։
-Պարո՛ն Վրթանեսյան, պաշտպանության նախարարությունը լրացումներ է առաջարկում «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որով նախատեսվում է աշխարհազոր ստեղծել, ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը։
-Սա պաշտպանվելու շատ տարածված միջոց է այն երկրների համար, որոնք ունեն հավանական հակառակորդ մեծ երկրներ։ Հաշվի առնելով Թուրքիայի գործոնը՝ Հայաստանի համար անհրաժեշտություն է ունենալ արագ մոբիլիզացնելու ուժեր՝ ի լրումն եղած զինված ուժերի։ Այստեղ երկրորդ հարց կա, թե ինչքանով են այդ օրենքների առաջարկները համապատասխանում խնդրին, ինչքանով արդյունավետ են լուծում այդ խնդիրները։ Ինձ թվում է՝ դեռ բավականին քննարկումների կարիք կա. հանրային, մասնագիտական, փորձագիտական քննարկումներ պետք է լինեն։ Կարծում եմ, որ սա բավականին հում է, դեռ տեղ կա աշխատելու, բայց ուզում եմ շեշտել, որ մեզ համար աշխարհազորային համակարգ ունենալն անհրաժեշտություն է, նույնիսկ կասեի՝ առաջնահերթությունների մեջ է, ու դա վաղուց պիտի արվեր։ Նախկինում Հայաստանում այդ դերը մասամբ կատարում էր Երկրապահը։ Ապրիլյանի ժամանակ էլ նույն Երկրապահը մեկ օրից արդեն դիրքերում էր։
-Ինչո՞ւ հենց այս ժամանակաշրջանում նման փոփոխություն առաջարկվեց։ Արդյո՞ք սահմանին տիրող վերջին լարվածությունը ստիպեց նման քայլի գնալ։
-Նման պրոյեկտներ քննարկվում էին բավական երկար ժամանակ։ Այն, որ այժմ արդեն պաշտոնապես սկսեցին այդ ուղղությամբ աշխատել, կարծում եմ՝ հուլիսյան իրադարձությունները, մասնավորապես՝ Թուրքիայի ագրեսիվ, հարձակվողական դիրքորոշումը որոշ դեր խաղացին այս հարցում։ Սա, իհարկե, մեզ մտածելու տեղիք է տալիս, և աշխարհազորի հարցերը պետք է 10-15 տարի առաջ լուծված լինեին։ Անկախ ամեն ինչից, վերջին զարգացումներից ելնելով, նման մի բան պետք է արվեր։
-Քննադատները պնդում են, որ Հայաստանն ունի կանոնավոր բանակ, հետևաբար, անհասկանալի է, թե ինչո՞ւ է առաջացել աշխարհազորի անհրաժեշտությունը։
-Շվեդիան, Դանիան, Նորվեգիան ունեն կանոնավոր բանակ, բայց ունեն նաև նման լրացուցիչ համակարգեր։ Վրաստանում էլ դրա կայացման գործընթացը դեռ չի ավարտվել, բայց նրանք էլ բանակ ունեն և նման կառույց են ստեղծում։ Մենք Խորհրդային միությունը չենք, որ ահռելի բանակ ունենանք։ Նմանատիպ կառույցները պետք են այն ժամանակ, եթե պաշտանության խնդիր ունենք շատ ավելի հզոր հակառակորդի դեմ։
-Որոշ քննադատներ մտավախություն ունեն, թե աշխարհազորը կարող է ներգրավվել ներքաղաքական իրադարձություններում։ Որքանո՞վ եք սա հավանական համարում։
-Ամեն ինչ կախված է այն բանից, թե իշխանությունն ինչքանով է լուրջ մոտենում այս հարցին և ինչքանով է այս գործընթացները վերահսկում։ Եթե չի վերահսկում, ինչ-որ պահի նման մի բան հնարավոր է, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է պաշտպանվենք մեր արտաքին թշնամուց։ Շատ կարևոր է, որ այն, ինչ արվում է, արվի մաքսիմալ թափանցիկ ու մտածված՝ քննարկումներով ու հաշվարկներով։
Վարդուհի Ստեփանյան