կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 13:10
Քաղաքական

Մի´ արեք, առանց այդ էլ մեծ է ռիսկը՝ ընտրությունը տեղափոխել գլադիատորական մարտերի հարթակ. Նաիրա Զոհրաբյան

Մի´ արեք, առանց այդ էլ մեծ է ռիսկը՝ ընտրությունը տեղափոխել գլադիատորական մարտերի հարթակ. Նաիրա Զոհրաբյան

Որոշ թեկնածուների համար մեկ քվեն ավելի թանկ է, քան մարդու կյանքը. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մասիսում տեղի ունեցած դանակահարության դեպքին:

Նրա պնդմամբ՝ Մասիսում տեղի ունեցածը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի. Սայաթ-Նովա գյուղի իրենց ակտիվիստը որովայնի հատվածում չորս տեղից դանակահարվել է Մասիսի ՀՀԿ-ական թեկնածու Մուրադ Մուրադյանի թիմակցի կողմից:

«Այսօր առավոտյան արդեն վիճակը կայունացել է: Երեկ շատ ծանր վիրահատություն է տարել, և փառք Աստծո, նոր ճշտեցինք` վիճակը կայունանում է»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը նշեց, որ կրկին կոչով դիմում է բոլոր նրանց, ովքեր ընտրությունը փորձում են վերածել «կենաց և մահու պայքարի»: «Նրանք, չգիտես` ինչու, վստահ են, որ ապրիլի 2-ին 3 չի հետևելու: Մի' արեք, առանց այդ էլ շատ մեծ է ռիսկը` քաղաքական հարթակից ընտրությունը տեղափոխել միջանձնային, կրիմինալ, բեսպրեդելի ու գլադիատորական մարտերի հարթակ, մի' փորձեք ավելին անել, քանի որ այս ռեյտինգային ընտրակարգն ինքն իրենով լրջագույն ռիսկեր է քաղաքական պայքարի համար»,- ասաց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքն ասել է, որ իրենք շարունակելու են անել հնարավորը` ընտրությունը բացառապես քաղաքական տիրույթում, քաղաքական դաշտում պահելու համար:

«Հորդորով դիմում եմ այն թեկնածուներին, մասնավորապես` Մասիսում իրենց բեսպրեդել համարող ՀՀԿ թեկնածուին, որն ամենուր հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ իրեն ամեն ինչ թույլատրված է, այդպես չէ: Փորձեք ընտրողի քվեն շահել ձեր արած գործերով, ձեր հեղինակությամբ, եթե այդպիսի արած գործեր և հեղինակություն կա: Ի վերջո, ցանկացած քայլ ունի բումերանգի էֆեկտ: Այս պահին մեր կոչը, հորդորը քաղաքական ուժերին մնում է նույնը, որ շատ մեծ է այս ընտրություններին իսկապես լուրջ բախումների հնարավորությունը: Անենք հնարավորը, ջանքերն ուղղենք, որ լինի քաղաքական պայքար»,- ասաց նա՝ հավելելով, որ բարդ է լինելու:

«Այո, այս ընտրակարգի դեպքում բարդ է լինելու, բայց չպետք է նահանջենք ու զիջենք, այլապես մենք վտանգելու ենք ՀՀ-ն, որը մեկի անձնական բոստանը և սեփականությունը չէ»,- եզրափակեց պատգամավորը: