կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-06 16:37
Տարածաշրջան

Ստամբուլի հայ համայնքը չի ընդունում պատրիարքարանի որոշումը

Ստամբուլի հայ համայնքը չի ընդունում պատրիարքարանի որոշումը

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի Հոգևոր խորհրդի` ապրիլի 29-ի ժողովում կայացրած որոշումը, ըստ որի` ընտրական գործընթացը տեղի է ունենալու  Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ և առանց պատրիարքի տեղապահի, դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել Պոլսո հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում, որոնք շեշտում են տեղապահի կողմից գործընթացի ղեկավարման անհրաժեշտությունը` հետևելով ձևավորված ընտրական ավանդույթներին. հաղորդում է «Ակօս»-ը:

2017 թ. Պոլսոս պատրիարքի տեղապահ ընտրված և նահանգապետարանի կողմից գործընթացի կասեցման հետևանքով Գերմանիա վերադարձած Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Հոգևոր խորհրդի կայացրած որոշման վերաբերյալ նշել է. «Պատրիարքի փոխանորդի գլխավորությամբ ընտրության գնալը սխալ որոշում է: Այս որոշումը հաշվի չի առնում մեր բոլոր ավանդույթներն ու սովորույթները: Մեր` հայկական կանոնագրքում այդ ամենի մասին գրված է, սակայն  այս որոշմամբ այդ բոլորն անտեսվում է: Վնաս են հասցնում եկեղեցու զարգացմանը»:

Ստամբուլի հայկական համայնքի ազդեցիկ դեմքերից` Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն իր հերթին դժգոհություն է հայտնել այդ որոշման կապակցությամբ` նշելով, որ 5 հոգի չեն կարող ամբողջ համայնքի վերաբերյալ որոշում կայացնել, խաղալ նրա ճակատագրի հետ:

Իրենց դժգոհությունն են հայտնել նաև Սուրբ Խաչ դպրեվանքի ղեկավար խորհրդի նախագահ Թորոս Ալջանը, Գեդիքփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի նախագահ Հարություն Շանլըն և Սամաթիայի Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնադրամի պատվավոր նախագահ Մելքոն Քարաքյոսեն: