կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-27 10:43
Հասարակություն

Երբ «դիջեյի» ստաժը նաև պետական կառավարման փորձ է. Փաշինյանը հակասում է իրեն. «168 ժամ»

Երբ «դիջեյի» ստաժը նաև պետական կառավարման փորձ է. Փաշինյանը հակասում է իրեն. «168 ժամ»

«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- այս մասին ապրիլի 22-ին, ԵՊՀ մասնաշենքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեց մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան ասուլիսին քաղաքացիներից մեկի հարցը:

«Մի հարց էին ինձ ուղղել, որի մասին մինչ օրս մտածում եմ: Քաղաքացին ասում էր՝ 22 տարեկան եմ, և աշխատանքի ընդունվելուց ուզում են բարձրագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ և 3 լեզուների իմացություն: Ասում էր՝ այս ի՞նչ աբսուրդ է: Առաջին հայացքից՝ սա աբսուրդ է թվում, բայց ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը, հատկապես՝ իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր բանակ չեն գնում, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Այն, որ վարչապետը նման բարձր ակնկալիքներ ունի ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուց, իրականում շատ լավ է, սակայն, թե որքանով է այդ սպասելիքը սթափության սահմաններում, դեռ պետք է հասկանալ։

Որպեսզի ավելի հասկանալի լինի Փաշինյանի կողմից առաջ քաշված պահանջը, պարզաբանենք, որ 22 տարեկան երիտասարդը դեռևս համալսարանը նոր ավարտողն է, և եթե լեզուների իմացությունը զուտ աշխատասիրության ու անքուն գիշերների արդյունքում հնարավոր է ապահովել, ապա 4-րդ կուրսում 3 տարվա մասնագիտական ստաժ ունենալու համար երիտասարդը պետք է սկսի աշխատել առնվազն 2-րդ կուրսից սկսած, և այն էլ՝ աշխատի իր մասնագիտությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը պետք է աշխատի ըստ մասնագիտության՝ օրինակ, վիրաբույժ կամ սրտաբան, մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը՝ աշխատի դպրոցում՝ որպես ուսուցիչ… Իսկ ռադիոֆիզիկայի, կիբեռնետիկայի, ճարտարապետության ու մնացած խորը մասնագիտությունների մասին նույնիսկ չենք խոսում…և այս ամենը՝ այն պարագայում, երբ ՀՀ-ում գործազրկության մակարդակը 17 տոկոսից բարձր է։ Այսինքն՝ աշխատանքային տարիքի ամեն 5-րդ քաղաքացին գործազուրկ է, բայց ավելի քան 800 հազար ուսանողները պետք է 2-րդ կուրսից աշխատեն...

Ամենազավեշտալին, իհարկե, այն է, որ այս մասին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Պատկերացնո՞ւմ եք, վարչապետն ասում է՝ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն։ Հասկանո՞ւմ եք, սա ասում է մի մարդ, ում կառավարության կազմում և խորհրդարանական խմբակցությունում գերակշիռ մասը, մեղմ ասած, շատ հեռու է այս չափանիշին բավարարելուց։

Սա ասում է մի մարդ, ում կառավարության աշխատակազմի ղեկավարի մասնագիտական ստաժը սահմանափակվում է դիջեյի ստաժով (կառավարության աշխատակազմի ղեկավար 29-ամյա Էդուարդ Աղաջանյանին մինչև նշանակումը քաղաքում շատերը ճանաչում էին որպես Էդո` դիջեյ Ed Ward, որին կարելի էր հանդիպել Երևանի ժամանցի կենտրոններում՝ փաբերում)։ Ում փոխվարչապետի մասնագիտական ստաժը սահմանափակվում է վարկային մասնագետ աշխատած լինելով։ Մի մարդ, ում ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցության մի շարք անդամներ գործազրկությունից խուսափեցին միայն պատգամավոր դառնալու շնորհիվ։

Փաստորեն, վարչապետ Փաշինյանը սրանով փաստեց, որ իր թիմն առնվազն միջին վիճակագրական քաղաքացու մակարդակից ցածր է, բայց արի ու տես, լավ էլ գործերի ու պաշտոնների են։ Ու այսքանից հետո ի՞նչ են նրա այս խոսքերը, եթե ոչ՝ հերթական դատարկաբանությունը։

Եվ որպես վերջաբան և իր «փառահեղ» մտքերի եզրափակում՝ վարչապետը մի բան էլ ավելացրեց. «Պետք է մեր աշխատաշուկան կառուցենք այնպես, որ կրթություն ունեցող մարդը կարողանա աշխատանք գտնել»: Չգիտենք նույնիսկ՝ լո՞ւրջ են արդյոք նրա այս խոսքերը, ինչպե՞ս դրանց վերաբերվել։ Աշխատաշուկան հարմարեցնել կրթությա՞նը։ Միգուցե՝ հակառակը։ Ո՞րն է ճիշտը, կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հարմարեցնել դիջեյի՞ն, թե՞ միգուցե, այնուամենայնիվ, դիջեյին կարելի է նորմալ կրթության տալ, մի քանի շաբաթ էլ գոնե մասնագիտական պրակտիկայի ուղարկել մի պետական հիմնարկում, կամ գոնե կուրսի ավագ նշանակել մի կիսամյակով, որ կառավարչական ու կազմակերպչական փորձ ունենա։ Չնայած, եթե վարչապետ Փաշինյանին լսես, երևի դիջեյությունն էլ է կառավարչական ստաժ. դե, երաժշտություն ղեկավարելը, ուզած պահին ձայնը բարձրացնել-իջեցնելն էլ հեշտ գործ չէ, ամեն մարդ հո չի՞ կարող անել… Իսկ եթե դահլիճում մի քանի հոգի էլ պետական աշխատող լինի՝ վերջ, դիջեյի ստաժը կհամարվի պետական կառավարման ստաժ, կարելի է անգամ պաշտոնի անձնագիրը փոխել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: