կարևոր
4603 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-08 11:23
Քաղաքական

Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Վարդան Պողոսյան. 168.am

Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. Վարդան Պողոսյան. 168.am

168.am Ինչպես այլ երկրների սահմանադրությունների մեծամասնությունը, ՀՀ Սահմանադրության տեքստը ևս սկսվում է նախաբանով: Սահմանադրության նախաբանները սովորաբար ներառում են դրույթներ Սահմանադրության պատմական և քաղաքական նախադրյալների, սահմանադրության ստեղծման շարժառիթների վերաբերյալ: Դրանք, որպես կանոն, արտահայտում են սահմանադրի ըմբռնումը սահմանադրության ընդունման պատմական ժամանակահատվածի և սահմանադրական տեքստի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների և նպատակների վերաբերյալ: Սահմանադրության նախաբանն ուրվագծում է տվյալ պետության բնորոշ հատկանիշները և ինքնության ամենակարևոր հարցերը: Եթե նախկինում սահմանադրության նախաբանին տրվում էր հիմնականում քաղաքական-հռչակագրային նշանակություն, ապա ներկայում առավելապես ընդունվում և ընդգծվում է նրա իրավական բնույթը: Հանդիսանալով սահմանադրության տեքստի բաղկացուցիչ մաս, սահմանադրության նախաբանը ունի կարևոր սահմանադրական-իրավական, նորմատիվ բովանդակություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը Սահմանադրության այն հազվագյուտ դրույթներից մեկն է, որն իր ընդունման օրվանից որևէ փոփոխության չի ենթարկվել և ընդունվել է քաղաքական ուժերի միջև լայն համաձայնության արդյունքում: Ինչպես հայտնի է, Հայաստանի Սահմանադրության տեքստի մշակման համար դեռևս 1990 թ. ձևավորվեց Սահմանադրական հանձնաժողով, որտեղ բացարձակ մեծամասնություն էին կազմում ՀՀՇ-ն և նրա կողմնակիցները: Այն բանից հետո, երբ սահմանադրական հանձնաժողովի ներկայացրած 1994 թ. ապրիլի 20-ի Սահմանադրության նախագիծը Գերագույն խորհրդում չստացավ ձայների անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը, հանձնաժողովը 1994 թ. հունիսին ընդլայնվեց և համալրվեց հիմնականում ընդդիմության ներկայացուցիչներով:

1994 թ. հոկտեմբերի 8-ին Սահմանադրական ընդլայնված հանձնաժողովը, Սահմանադրության նախաբանին վերաբերող լայն քննարկումների արդյունքում 19 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Սահմանադրության նախաբանի այն նախագիծը, որը հետագայում, միայն փոքր խմբագրական փոփոխություններով, ներառվեց 1995 թ. հուլիսի 5-ի Սահմանադրության վերջնական տեքստի մեջ (Սահմանադրական ընդլայնված հանձնաժողովի նիստի արձանագրություն, հ. 70, էջ 12): Այդ նախագիծը նախորդ՝ 1994 թ. ապրիլի 20-ի Սահմանադրության նախագծից («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 23.04.1994 թ.) տարբերվում էր միայն նրանով, որ հղում էր կատարում 1990 թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագրին (ՀՀ Գերագույն Խորհրդի Տեղեկագիր, 1990/16): Նման օրենսդրական հնարքի միջոցով հնարավոր եղավ փոխզիջումային լուծում գտնել իշխանությունների և ընդդիմության միջև թեժ տարակարծություններ առաջացնող Հայ դատի խնդրի վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրության նախաբանն արձանագրում է, որ հայ ժողովուրդն ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» (ընդգծ. հեղ.): Ինչպես Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո հրապարակված իր գրքույկում նշում է Վլադիմիր Նազարյանը, ով Սահմանադրության տեքստի մշակման հիմնական հեղինակներից էր և գլխավորում էր ընդլայնված Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խումբը, «ներածությունում կատարված վկայակոչման (հղման) ուժով Հայաստանի անկախության մասին հռչակագիրը վերածվում է ՀՀ Սահմանադրության բաղադրամասի» (Վլադիմիր Նազարյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը. Ծանոթագրություններով և մեկնաբանություններով, Երևան, 1995, էջ 5-6): Այդ վկայակոչման միջոցով Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրված դրույթները ստացան սահմանադրական կարգավիճակ:

Հայաստանի անկախության հռչակագիրը, իր հերթին, որպես իր ընդունման հիմք, մատնանշում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը (ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի Տեղեկագիր, 1989/23): «Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը», Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ըստ այդ որոշման 1-ին կետի, «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը` հաստատված ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի և հուլիսի 12-ի նստաշրջանների, ինչպես նաև մարզի բնակչության լիազոր-ներկայացուցիչների 1989 թվականի օգոստոսի 16-ի համագումարի և Ազգային խորհրդի հոկտեմբերի 19-ի նիստի որոշումներում» (ընդգծ. հեղ.): Որոշման 2-րդ կետով «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր-ներկայացուցիչների համագումարը և նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ օրինական իշխանություն»: Հայաստանի Սահմանադրության նախաբանը Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակների ներքո նկատի ունի առաջին հերթին հայ ժողովրդի` բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտումը, ինչպես նաև Անկախության մասին հռչակագրի 11-րդ կետում արձանագրված Հայաստանի Հանրապետության պարտականությունը՝ սատար կանգնելու «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Հայաստանի Սահմանադրության նախաբանի և Հայաստանի անկախության մասին հռչակագրի պարտադիր իրավական բնույթի վերաբերյալ հայ սահմանադրա-իրավական դոկտրինայում տարակարծություններ չկան: Ըստ Հ. Խաչատրյանի, «երբ պրեամբուլան հռչակագրային դրույթներ է բովանդակում կամ հղում է կատարում պետության համար վճռորոշ նշանակություն ունեցող հռչակագրի (օրինակ, Անկախության հռչակագրին), ապա պրեամբուլայի այդ դրույթներն ունեն նույն իրավաբանական նշանակությունը, ինչ որ Սահմանադրության հիմնական մասի նորմերը» (Հենրիկ Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունը, Երևան 1997, էջ 29): 2010 թ. հրապարակված Սահմանադրության մեկնաբանություններում փաստվում է, որ«թե՛ մասնագիտական գրականության մեջ, և թե՛ դատական պրակտիկայում Սահմանադրության նախաբանի արժեբանական նշանակությունն ու իրավական կարևորությունը որևէ ձևով կասկածի տակ չի դրվում» (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ, Երևան 2010, էջ 38):

Հայաստանի Սահմանադրության նախաբանի և Հայաստանի անկախության մասին հռչակագրի պարտադիր իրավաբանական բնույթը ուղղակիորեն արտացոլված է Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշման մեջ: Ըստ այդ որոշման 5-րդ կետի՝ ««Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»: Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանը որոշման մեջ չի բավարարվում Սահմանադրության նախաբանի մատնանշմամբ, այլ ուղղակիորեն հղում է նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրի կոնկրետ դրույթին:

Միանշանակ է, որ ըստ Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր իրավական ակտ պետք է համապատասխանի՝ ինչպես Հայաստանի Սահմանադրության դրույթներին, այլ նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրի բոլոր այն դրույթներին, որոնք ուղղակիորեն արտացոլված չեն Հայաստանի Սահմանադրության բուն տեքստում:

Արցախի ինքնորոշման պաշտպանությունն առնվազն 1988 թվականից սկսած եղել է Հայաստանի իշխանությունների պաշտոնական քաղաքականությունը և վերածվել է համազգային նպատակի Հայաստանի Սահմանադրության նախաբանի իմաստով: Այդ նպատակին հասնելու եղանակները ժամանակի ընթացքում, կախված կոնկրետ իրավիճակից, ենթարկվել են փոփոխությունների, բայց նպատակը մնացել է անփոփոխ՝ Արցախի ինքնորոշումը: Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ծավալած լայնածավալ ագրեսիայի պայմաններում 1992 թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա», որոշեց «հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը» (Գերագույն Խորհրդի Տեղեկագիր, 1992/13 ):

1992 թ. հուլիսի 8-ի որոշման 2-րդ կետը հստակորեն սահմանում էր Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Արցախի ինքնորոշման փաստի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում» (ընդգծ. հեղ.): 1992 թ. հուլիսի 8-ի որոշումը կառավարող մեծամասնության և «Ազգային Դաշինքի» միջև փոխհամաձայնության արդյունք էր. այն ընդունվեց կոնսենսուսով (169 կողմ, 3 դեմ 1 ձեռնպահ) (Գերագույն Խորհրդի Տեղեկագիր, 1992/13, էջ 30):

Քանի որ Հայաստանի խորհրդարանը դեռևս 1989 թ. դեկտեմբերի 1-ին ճանաչել է Արցախի «ինքնորոշման փաստը», 1992 թ. հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր այդ դիրքորոշումը, և 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանով որպես հիմք է ընդունել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը, ապա ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի ձեռնարկել որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախի ինքնորոշման փաստի ժխտմանը: Հայաստանի Հանրապետության կողմից կնքած որևէ նման պայմանագիր կհակասի Հայաստանի Սահմանադրության նախաբանին և Հայաստանի անկախության մասին հռչակագրին: Սահմանադրության 116-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից:

Վարդան Պողոսյան