Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի ընթացքում: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ելույթում ասել է.
«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք
Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը և անձամբ պաշտպանության նախարարին` բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին, արդեն ավանդական դարձած՝ Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովին մասնակցելու հրավերի համար:
Միջազգային հարաբերություններում կանխատեսելիության մակարդակի բարձրացման համատեքստում չափազանց կարևոր է ամենաարդիական՝ գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների և հարցերի քննարկումը, միջազգային անվտանգության ձևավորման վերաբերյալ կարծիքների փոխանակումը:
Այսօրվա լիագումար նիստի թեման անցած տարվա համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման մոտեցումների քննարկման, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնության ` ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցության ակտիվացման ուղղությամբ, այսպես կոչված A4P-ի տրամաբանական շարունակությունն ու հետագա զարգացումն է: Մենք բոլորս մեծ անհանգստությամբ փաստում ենք միջպետական հարաբերություններում լարվածության աճը, անվտանգության ապահովման մեխանիզմների դեգրադացումը, հակամարտությունների գոտիների նկատելի ընդլայնումը ներպետական ճգնաժամների սրացման հետևանքով, նախևառաջ՝ էթնիկ և կրոնական հողի վրա:
Միևնույն ժամանակ, մեր աշխարհն առավել փոխկապակցված է դարձել, երբ որոշակի տարածաշրջանի ցանկացած անկայունություն հղի է բացասական հետևանքներով ողջ աշխարհում: Նման իրավիճակում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների բավական պայմանական է:
Վերոնշյալ հանգամանքները համաշխարհային հանրության առջև դինամիկ զարգացման խնդիրներ են դրել և ստեղծել խաղաղապահ գործողությունների մոտեցումներն ու չափանիշները վերանայելու նախադրյալներ, որոնք, իրենց ներկայիս ձևով, այնպես, ինչպես ներկայացված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում համատեղ պարտավորությունների մասին Հռչակագրում, նկատելիորեն հնացած են՝ հաշվի առնելով ճգնաժամային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունները:
Ասվածը ենթադրում է առաքելության լեգիտիմության, գործընկերների հետ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային ուժերի կազմի և նրանց ներգրավման կամ հաշտեցման կանոնների վերաբերյալ դիսկուրսի վերսկսում:
Լեգիտիմությունն այն պայմանն է, որը հիմնված է որոշակի լսարանների կողմից օրինականության, բարոյականության, կամ մի շարք գործողությունների՝ ճիշտ լինելու ընկալման վրա, և այն խաղաղապահության խնդիրների մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում, ունենալով երկու առանցքային կողմ` ընդունող երկրի կառավարության և միջազգային առաքելության օրինականությունը (լեգիտիմությունը):
Մասնավորապես, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու դեպքում միջազգային հանրությունը պետք է խստորեն հետևի ՄԱԿ-ի երկու հիմնարար սկզբունքներին.
1. Միջազգային առաքելությունը պետք է իրականացվի առնվազն ընդունող երկրի օրինական իշխանությունների համաձայնությամբ:
2. Խաղաղապահ ուժերը խնդիրներ են կատարում առանց նախապաշարումների և բացարձակապես անկողմնակալ:
Առաքելության տարբեր գործընկերների, կամ առնվազն՝ շահագրգիռ կողմերի միջև փոխգործակցության խնդիրը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է տարբեր դերակատարների միջև համագործակցության կամ գործողությունների համակարգման գործոնը, ինչը ցանկացած խաղաղապահ գործողության բարեհաջող իրականացման և ավարտի համար կարևորագույն պայմաններից մեկն է:
Վերջապես, խաղաղապահ ուժերը պետք է ունենան ռացիոնալ մանդատ և պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացմանը՝ գործելով բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի և առաջադրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակում: Ավելին, այսօր ավանդական խաղաղարարությունն առավել բազմակողմանի է դառնում, երբ զուտ ռազմականի փոխարեն առանցքային են բազմաբնույթ խնդիրներ, զինվորական անձնակազմն իր տեղը զիջում է զինվորական-ոստիկանական-քաղաքացիական անձնակազմին, իսկ խաղաղապահ ուժերի անուղղակի դերը քաղաքական գործընթացներում փոխարինվում է դրանցում առավել անմիջական ներգրավմամբ։
Հաշվի առնելով վերը նշվածը, կարծում եմ, որ միջազգային խաղաղապահ ուժերի զարգացման հիմնական ուղղությունները պետք է լինեն․
• յուրաքանչյուր առանձին առաքելության համար խաղաղապահների իրավական կարգավիճակի հստակեցումը
• բոլոր ներգրավված կողմերի գործողությունների համակարգման, այսինքն, սինխրոնացման կամ, առնվազն, այսպես կոչված ապահակամարտեցման (դեկոնֆլիկտացիա) մեխանիզմների ստեղծումը
• ինտեգրված զինվորական-ոստիկանական-քաղաքացիական թիմերի ձևավորումը, վերապատրաստումը, վերազինումը և գործառնական համակարգումը
• Խաղաղապահների արհեստավարժության և էթնո-մշակութային-կրոնական իրազեկության շարունակական բարելավումը
• խաղաղարար ուժերի ներգրավման կանոնների համար ճկուն հնարավորությունների ստեղծումը
• թափանցիկություն և նրանց գործունեության շարունակական մշտադիտարկումը/մոնիտորինգ/
• ազգային կոնտինգենտների կամ խմբերի համար նյութատեխնիկական ապահովման համակարգումը՝ երկրորդական դերերի բաշխման և տեղական կապալառուների ծառայություններից օգտվելու սկզբունքների առավելագույն կիրառմամբ
• խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորման ֆունկցիոնալ և ծախսային ցուցանիշների թափանցիկության բարձրացումը
• առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը
Միջազգային անվտանգության ապահովման ոլորտում շահերի և նպատակների համընկնումը թելադրում է անհատական և հավաքական ներուժի շարունակական զարգացում խաղաղություն և կայունություն պահպանելու համար` ինչպես համաշխարհային և տարածաշրջանային տերությունների, այնպես էլ սահմանափակ ռազմական հնարավորություններ ունեցող երկրների կողմից: Հայաստանը նույնպես հավատարիմ է այդ մոտեցմանը:
Արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվելով անկայուն և անկանխատեսելի անվտանգային իրավիճակում, երբ «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունները բավական երերուն են, Հայաստանը, պաշտպանական կարողությունների հետևողական զարգացմանը զուգահեռ, ավելացնում է խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման իր ազգային կարողությունները:
Հայաստանը, լինելով միջազգային անվտանգության և կայունության արժեքը գործնականում ճանաչած երկիր, վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության ոլորտում կուտակել է լուրջ փորձ, որն սկսվել է Կոսովոյում և Իրաքում: Ներկայում հայկական խաղաղապահ ուժերը ներկայացված են չորս միջազգային առաքելություններում:
Մենք նաև հետևողականություն ցուցաբերեցինք լայնածավալ ճգնաժամի պայմաններում գտնվող տարածաշրջաններում դրական փոփոխությունների նպատակով օգնություն տրամադրելու հարցում, ինչը դրսևորվեց Սիրիայում վերջերս մեկնարկած մեր Ազգային մարդասիրական առաքելությամբ, որի որոշումը կայացվել է ընդունող երկրի՝ սիրիական կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա, ինչպես նաև Հալեպի հայ համայնքի և տեղի կրոնական առաջնորդների խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աջակցությամբ, ինչի համար շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը:
Մասնավորապես, այս տարածաշրջանում հայկական մարդասիրական առաքելության իրականացումը հիմնավորված է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության պատմական գործոնով և մեր արմատները Մերձավոր Արևելքում պահպանելու ցանկությամբ` հաշվի առնելով վերջին ավելի քան տասը տարվա անկայունության դառը փորձը, ինչի հետևանքը դարձավ Իրաքից հայերի զանգվածային արտագաղթը:
Մարդասիրական առաքելությունը ներառում է բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ, որոնք, իրենց ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, օգնություն են ցուցաբերում երկարատև պատերազմից տառապող Սիրիայի Արաբական Հանրապետության բնակչությանը:
Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք օգտագործել մեր ողջ ներուժը, և, առաջին հերթին՝ դաշտային հոսպիտալն ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր ականազերծողներին:
Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ Հայաստանը հանդես է գալիս որպես ջատագով միջազգային իրավունքի նորմերի և ազատ ընտրության իրավունքի հավասարազոր կիրառման, ողջամիտ գլոբալացման և միջազգային անվտանգության ճարտարապետության, որը հիմնված է ուժի և առավելապաշտական մոտեցումների, ատելության հռետորաբանության և ռազմատենչ հայտարարությունների վրա խարսխված քաղաքականության բացառման վրա:
Ինչպես ասում էր միջազգային հարաբերությունների առաջատար մասնագետներից մեկը՝ «փորձելով իրականացնել իրենց իդեալիստական և իրատեսական նպատակներն արտաքին քաղաքականության մեջ, պետությունները պետք է իրենց ուժը համատեղեն բարոյական սկզբունքների հետ, իսկ սեփական արդարությանը հավատը ՝ չափավորել ողջամտությամբ»:
Շնորհակալություն ուշադրության համար»: