Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարությունը վերականգնելու համար հայ ժողովրդի վճռականությունը երբեք չի մարի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում մեր հայրենակիցները հայ ժողովրդի բարեկամների հետ մի շարք միջոցառումներ, հիշատակի արարողություններ են անցկացնում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա պատգամ է ՝ անպատժելիությունը ընդունելի չի լինելու»,- ընդգծեց նա:
Հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացումը, հնարավո՞ր է նոր գործընթաց սկսվի Թուրքիայի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ դա քիչ հավանական է: «Ցավոք, դուք տեսնում եք, որ այն ամենը, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից, հուսադրող չէ, ընդհակառակը՝ քննադատության արժանի է», ասաց նախարարը՝ նշելով, որ երբեք չի ասվել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում:
Նախարարն ընդգծեց, որ ժխտողականության դեմ պայքարը Հայաստանի համար մնում է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, և որ տարիներ շարունակ հետևողականորեն միջազգային օրակարգում առաջ են տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը:
«Ցեղասպանությունը կանխարգելելը միջազգային պարտավորություն է, մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքը: Ինչպես գիտեք, դեկտեմբերի 9-ին եղավ հերթական` ցեղասպանությունների կանխարգելման 3-րդ գլոբալ ֆորումը: Դուք գիտեք, որ դեկտեմբերի 9-ը Հայաստանի նախաձեռնությամբ հռչակվեց Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայաստանը մշտապես նորոգում է բանաձևերը, զարգացնում իրավական հիմքերը՝ ուղղված միջազգային կանխարգելման գործընթացին: Այս գործընթացը երբևէ կանգ չի առնում: Մենք գիտենք ցեղասպանության գինը և պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար: Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,- ամփոփեց Զոհրաբ Մնացականյանը: