Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, ցեղասպանության կանխարգելման օրակարգում ներդրում ունենալու պարտավորություն ունի։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Դա գուցե հանցագործություն է, որը շատ հաճախ չի իրագործվում, բայց դրա հետևանքներն այնքան խորն են, որ դրա կանխարգելումը չափազանց կարևոր ազգային և միջազգային օրակարգի հարց է: Եվ մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, ունենք այդ պարտավորությունը՝ առաջ տանելու այդ օրակարգը՝ որպես պետություն, որպես միջազգային համայնքի անդամ, որպես պետությունների ընտանիքի անդամ, ՄԱԿ-ի անդամ: Մենք պարտավորություն ունենք առաջ տանելու և մեր կողմից մեր ներդրումն ունենալու ցեղասպանության կանխարգելման օրակարգի մեջ: Եվ Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը կարևորագույն օրակարգային հարցերից մեկն է, և հետևողական աշխատանքի առարկա է»,- ասել է Մնացականյանը։
Նախարարը նշել է, որ Հայաստանն արդեն քսաներկու տարի է, ինչ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ է տանում ցեղասպանությունների, ոճիրների, զանգվածային ոճրագործությունների կանխարգելման օրակարգը:
«1998թ. մեր լուսահոգի բարեկամ և գործընկեր Աշոտ Մելիք-Շահնազարյանն առաջին անգամ նախաձեռնեց, որ ՄԱԿ-ում ընդունվի բանաձև՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիային։ Բանաձև ընդունվեց, որը հիշատակում էր 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիայի հիսունամյակը. այդ պահից է սկսում Հայաստանի դիվանագիտության աշխատանքը՝ խորացնելու, ամրապնդելու կանխարգելման օրակարգը միջազգային օրակարգում: Արդեն 2008թ. մենք բանաձևը վերադասավորում ենք այնպես, որ ուշադրությունը տրվում է կանխարգելման օրակարգին, սկսում ենք խորացնել այդ գաղափարախոսությունը և մեր ներդրումն ունենալ՝ ուժեղացնելու կարողությունները, միջազգային համագործակցության գործիքակազմը, իրավական, գործնական բոլոր այն հնարավոր գործիքակազմը, որն ուղղված է կոնկրետ ցեղասպանությունների կանխարգելմանը»,- նշել է նախարարը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքով` ցեղասպանության վտանգն այսօր էլ աշխարհում չի վերացել։
«Այլևս երբեք» կարգախոսը բավական տարածված է, բայց քանի՞ անգամ պետք է ասենք՝ «Այլևս երբեք», որովհետև ցեղասպանությունները չեն վերացվել, ցեղասպանության վտանգը չի վերացվել. այն սկսում է ատելությունից, ատելության խոսքից, մարդու իրավունքների խախտումներից, խտրականությունից, և դրա ծավալումը բերում է ցեղասպանության հանցագործության իրականացմանը: Ցեղասպանությունը հնարավոր է կանխարգելել, վաղ շրջանում տեսնել այն միտումները, որոնք եթե չկանխվեն, կարող են արդեն հանգեցնել ոճրագործության: Եվ այդ առումով է, որ մենք շարունակաբար աշխատում ենք միջազգային հանրության մեր բազմաթիվ գործընկերների հետ, լինեն դա պետություններ, փորձագիտական խմբեր, ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմներ, տարբեր մարմիններ, ակադեմիական շրջանակներ. մենք բոլորս միասին համախմբում ենք այդ աշխատանքը՝ ուժեղացնելու կարողությունները»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։
ԱԳ նախարարը հավելել է, որ կանխարգելումը սկսում է ազգային մակարդակից, բայց միջազգային համագործակցությունը չափազանց կարևոր է այդ առումով:
«Մենք այս տարիների ընթացքում այստեղ՝ Հայաստանում, ստեղծել ենք միջազգային համագործակցության համար հարթակ, որը ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գլոբալ ֆորումն է: Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել չորրորդ ֆորումը, որը տեղի կունենա դեկտեմբերին: Մենք Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, և մենք նախատեսում ենք մեր նորոգված բանաձևը կրկին ընդունել Մարդու իրավունքների խորհրդում: Շատ շուտով այդ գործընթացը կավարտվի»,- նշել է Մնացականյանը։