կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-19 14:46
Հասարակություն

Հայկական պատգամավորական խմբակցությունը կոչ է անում Լիբանանի կառավարությանը` ապրիլ 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման լիբանանյան ազգային օր

Հայկական պատգամավորական խմբակցությունը կոչ է անում Լիբանանի կառավարությանը` ապրիլ 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման լիբանանյան ազգային օր

Հայկական երեսփոխանական պլոքը երէկ գումարեց իր ընթացիկ նիստը` նախագահութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի եւ ներկայութեամբ պլոքի անդամ երեսփոխաններ Յակոբ Թերզեանի եւ Ալեքսանտր Մաթոսեանի, ինչպէս նաեւ զբօսաշրջութեան նախարար Աւետիս Կիտանեանի:

Հայկական երեսփոխանական պլոքը կոչ ուղղեց խիտ շարքերով մասնակցելու Հայոց ցեղասպանութեան 104-ամեակին առիթով 24 ապրիլ 2019-ին, երեկոյեան ժամը 6:00-ին տեղի ունենալիք քայլարշաւին, որ սկիզբ պիտի առնէ Պուրճ Համուտէն եւ հասնի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճար, Անթիլիաս:

Հայկական երեսփոխանական պլոքը կոչ ուղղեց Լիբանանի կառավարութեան Ապրիլ 24-ը յայտարարելու Հայոց ցեղասպանութեան յիշատակի ոգեկոչման լիբանանեան ազգային օր:

Հանդիպումին ընթացքին քննարկուեցան նաեւ ընդհանուր առմամբ երկրին տնտեսական կացութիւնը, ի մասնաւորի` 2019-ի պետական ամավարկը, ինչպէս նաեւ անոր բովանդակելիք կրճատումի քայլերը` նուազեցնելու համար նիւթական բացը եւ ուղղելու պետական գանձարկղի հաշիւները: Պլոքը հաստատեց լիբանանցի քաղաքացիին, յատկապէս համեստ եւ միջին դասակարգերուն, ինչպէս նաեւ սահմանափակ եկամուտ ունեցող քաղաքացիներուն ապրուստը պահպանելու կարեւորութիւնը:

Փտածութեան դէմ մղուած պայքարի շրջագիծին մէջ, հայկական երեսփոխանական պլոքը զօրակցութիւն յայտնեց համապատասխան իշխանութիւններուն որդեգրած բոլոր քայլերուն` հաստատելով, որ պլոքը ամէն ջանք ի գործ պիտի դնէ օժանդակելու այդ պայքարին` վարչական գործունէութիւնը արդիւնաւէտ դարձնելով, քաղաքացիին ծառայելով, օրէնքը գործադրելով եւ պետական վարչութիւններու գործառնութիւններուն մէջ պարկեշտութեան եւ թափանցիկութեան յանձնառու մնալով:

Հայկական երեսփոխանական պլոքը վերահաստատեց բնակարանային վարկերու ապահովումը վերաշխուժացնելու անհրաժեշտութիւնը:

Ս. Զատկուան տօնին առիթով, Հայկական երեսփոխանական պլոքը շնորհաւորեց բոլոր լիբանանցիները` անոնց փոխանցելով ջերմ մաղթանքներ եւ Լիբանանին մաղթելով կայունութիւն, բարգաւաճում եւ յառաջդիմութիւն:

aztagdaily.com