Փոխարժեքներ
31 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն գիտենք, օգոստոսի 1-ից եւս մեկ առիթ է ստեղծվել քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու համար: Երեւանի քաղաքապետարանի գործավարական նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը երեկ ասաց, որ հասարակական տրանսպորտում հսկողության իրականացման լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայության համար։
«Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացին՝ ծրագրային աշխատանքներն այս շաբաթվա ընթացքում կավարտվեն, եւ հասարակական կարգի պահպանման ծառայության մեր գործընկերների հետ կիրականացվեն համապատասխան դասընթացներ՝ այն մասին, թե ինչպես իրականացնել ստուգումները տրանսպորտում։ Դրանից հետո ստուգումները կսկսեն իրականացվել»,- ասել է Գրիգորյանը։
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքել է. «Այսինքն՝ այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը եւ փաստացի արդեն սկսում ենք պոտենցիալ խախտողներին տուգանել»:
Այո՛, պարոնայք ատենակալներ, պասերո՜վ: Մեկդ մյուսին լրացնելով, պաս տալով, դե նախապես սցենարը անգիր արած աշակերտի նման, ժողովրդին թալանեք, բայց նախքան սկսելը, փորձեք դա պատկերացնել՝ գործնականում ինչպե՞ս եք անելու: Չե՞ք զգում, որ ինչ ծրագիր կազմեցիք՝ կապված տրանսպորտի վճարների հետ, ձախողեցիք: Սկզբում թղթե տարբերակը, այնուհետ՝ քարտայինը, հիմա էլ նոր բան եք մոգոնել: Լավ՝ ինչո՞ւ: Հնարավոր չէ՞ր այսչափ ծանրացած կյանքն առավել չծանրացնել:
Ստացվում է, որ քաղաքապետարանն ի վիճակի է պահել հսկիչներ, նրանց վարձատրել: Հարց՝ ո՞ւմ հաշվին եւ ինչի՞ հաշվին, երբ մինչ այս, առանց այդ հսկիչների «յոլա« ենք գնացել: Եվ հետո, մի հատ էլ դասընթացների վրա գումար ծախսել, որ հսկիչները հսկել սովորե՞ն:
Դա էլ մի կողմ, եկեք հաշվենք. օրը 800 շարժակազմ է դուրս գալիս, քաղաքային իշխանությունն ինչպե՞ս է պատկերացնում տուգանելու ձեւը: Ինչպե՞ս պետք է այդքան մարդու ստուգեն: Ինչպե՞ս պետք է այդ հսկիչը՝ 70-80 մարդու, որ կան ավտոբուսի մեջ, բանկային քարտերը ստուգի: Նախ հստակեցնենք, որ դրա իրավունքը ոչ մեկը չունի՝ այլ անձի բանկային քարտ ստուգելու, եւ հետո՝ ինչպե՞ս է դա իրականացվելու:
Եվ վերջապես՝ արդեն բազում նախագծեր չհաջողած քաղաքային իշխանությունը պետք է հասկանար, որ տրանսպորտի թանկացումը, բառի բուն իմաստով, գցել է ոտքին ու տակից դուրս չի գալիս: Այնպես որ, սա ձեր խելքի բանը չէր, պարոնա՛յք:
Ի դեպ, իսկ այն 100 դրամանոց ապարատները, որոնք կային նախքան տրանսպորտի թանկացումն ու թղթային համակարգին անցնելը, ի՞նչ եղան, ինչպե՞ս դասավորվեց այդ բավականին թանկ տեխնիկայի ճակատագիրը: Այ դա ոչ ոք չգիտի: