կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-09 19:06
Առանց Կատեգորիա

Լապշինի արտահանձնումն ապահովել են Ռուսաստանն ու Իսրայելը

Լապշինի արտահանձնումն ապահովել են Ռուսաստանն ու Իսրայելը

Ալեքսանդր Լապշինի՝ իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բելառուսի դատախազության որոշման բողոքարկումը Գերագույն դատարանի կողմից մերժվելուց հետո Մինսկը և Բաքուն այնքան արագ կազմակերպեցին նրա տեղափոխումն Ադրբեջան, որ փաստի առաջ կանգնեցրին այս գործի հետ կապ ունեցող բոլոր կողմերին: Այն պահին, երբ Լապշինն արդեն ինքնաթիռով տեղափոխվում էր Բաքու, Բելառուսում ՌԴ դեսպանությունից ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հավաստիացնում էին, որ իրենք տեղեկություն չունեն արտահանձնման մասին, և որ Լապշինի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել` Բելառուսի քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի միջոցովնրա լրացուցիչ պաշտպանությունը կազմակերպելու համար: Կայծակնային արագությամբ իրականացնելով Լապշինի` Բաքու տեղափոխումը` Մինսկն ու Բաքուն Ռուսաստանին և Իսրայելին զրկել են քաղաքական կամ դիվանագիտական խողովակներով դրան խոչընդոտելու հնարավորությունից:

Ո'չ Իսրայելից և ո'չ էլ Ռուսաստանից Լապշինին իրենց հանձնելու պահանջ կամ դիմում Բելառուսի իշխանություններին չի ներկայացվել: Երեկ ՌԻԱ «Նովոստի»-ին տված պարզաբանման մեջ դա հատուկ ընդգծել է Բելառուսի գլխավոր դատախազությունը: Սա առավել քան տարօրինակ է:  Մոտ երկու շաբաթ առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում էր, թե անցանկալի անձանց արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականություն իրականացնելու և համաձայնեցված աշխատելու շուրջ Ռուսաստանը և Բելառուսը փոխադարձ պայմանավորվածություն ունեն: Եթե նման համաձայնություններ եղել են, ապա ստացվում է, որ կա'մ Բելառուսն է խախտել այն՝ մեղմ ասած, մոլորության մեջ գցելով Ռուսաստանին, կա'մ Ռուսաստանը գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկել դրանց շրջանակում Լապշինի խնդիրը լուծելու ուղղությամբ:

Արտահանձնումից հետո ՌԴ արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդամենը իր հիասթափությունը հայտնելով Բելառուսի իշխանությունների կայացրած որոշման կապակցությամբ և հավաստիացնելով, որ շարունակելու է «անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացու օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու և նրան կարճ ժամանակում իր ընտանիք վերադարձնելու նպատակով»: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ռուսաստանը Լապշինին վերադարձնելու ուղղությամբ «անհրաժեշտ միջոցառումները» չէր իրականացնում նրա՝ Բելառուսում գտնվելու դեպքում, ինչը այդ փուլում ավելի հեշտ իրագործելի էր, և փորձում է դա անել Բաքվում, որտեղ խնդիրը նաև ներպետական իրավական հարթությունում է: Պետք է ենթադրել, որ Մոսկվան պարզապես չի ցանկացել, ի դեմս Լապշինի, իր դեմ նոր խաղաքարտ տալ Լուկաշենկոյին՝ շահարկելու ճգնաժամ ապրող ռուս-բելառուսական ներքին խմորումները: Այսինքն` Մոսկվան ևս հարցը քաղաքական հարթությունում է դիտարկել, ինչին փաստացի զոհ են դարձել Լապշինը և հայկական շահերը: Քաղաքական առումով` եթե հիմա նույնիսկ Մոսկվային հաջողվի Բաքվի նկատմամբ ճնշումներով վերադարձնել Լապշինին, թե' նա և թե' Երևանը տանուլ տված կողմ են դառնում, որովհետև ամենասկզբունքայինն այն էր, որ Լապշինը որևէ պարագայում Բաքվում չհայտնվի:

Ուշագրավ է նաև Իսրայելի դանդաղկոտությունը: Չնայած Լապշինին Բաքու տեղափոխելուց հետո, ինչպես ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ռուսաստանի հետ միասին նաև Իսրայելն է իրենց բողոքի նոտա հղել, սակայն Լապշինի` Մինսկում գտնվելու ժամանակ, ոչ էլ հիմա Իսրայելը գործնականում ոչինչ չի ձեռնարկում նրան ստանալու ուղղությամբ: Առայժմ առավելագույնը, ինչ արել է Թել Ավիվը, ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցչի մակարդակով Լապշինի արտահանձման վերաբերյալ տված «մեկնաբանությունն» է, թե իրենք  ուշադիր հետևում են իրենց քաղաքացու հետ կապված զարգացումներին: Իսրայելի այս հանգստությունը կասկածներ է հարուցում, որ գործում է իսրայելա-ադրբեջանական կուլիսային պայմանավորվածություն, և Իսրայելը պարզապես թույլ է տալիս Բաքվին՝ Լապշինին օգտագործել իր քաղաքական և քարոզչական նպատակներով:

Ի դեպ, որքան էլ տարօրինակ հնչի, դրանում կարող է մասնակից լինել նաև Լապշինն ինքը, ով  երբեք չի թաքցրել իսրայելա-ադրբեջանական դաշնակցության անվերապահ աջակիցը լինելու իրողությունը՝ անկախ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից: Ամենայն հավանականությամբ, Իսրայելը վստահ է, որ Բաքուն իր քաղաքական ու քարոզչական նպատակներին հասնելուց հետո հնարավորինս արագ կազատի նրան:

Իսրայելի և Ռուսաստանի նման պահվածքի ֆոնին հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող էր Հայաստանը լուծել Լապշինի արտահանձնումը թույլ չտալու խնդիրը: Իհարկե, հանգամանքների դասավորությունը բացարձակապես Երևանի օգտին չեն խոսում, և սա օբյեկտիվորեն չափազանց բարդացնում էր խնդիրը: Բայց փաստ է, որ գոնե Մոսկվայի հետ աշխատելու և նրան Մինսկի հանդեպ ավելի կոշտ լինել դրդելու լուրջ ռեսուրս կար, ինչի մասին հասկանալի էր դարձրել Լավրովը, երբ խոսում էր նման հարցերում ռուս-բելառուսական պայմանավորվածությունների մասին: Դատելով Բելառուսում Հայաստանի դեսպանի Արմեն Խաչատրյանի այն բացատրություններից, թե ինքն արել է իրենից կախվածը, որը, ինչպես պարզվեց, ընդամենը Բելառուսի ԱԳՆ այցելելն է եղել ու Լապշինին Բաքու արտահանձնելու  վտանգավորության մասին «դասեր տալը», Երևանը կարծես առավելապես կենտրոնացել է Բելառուսի ԱԳՆ-ի հետ ուղղակի աշխատանքի վրա: Ի սկզբանե  անօգուտ մարտավարություն՝ հաշվի առնելով հատկապես Լուկաշենկոյի անկանխատեսելիությունն ու Ալիև հետ նրա սիրախաղերը:

Լապշինի արտահանձնումն առանձին իրավիճակային անակնկալ խնդիր չէ: Այդ հարցում, մեղմ ասած, հաջողության չհասնելը մինչև հիմա իրականացված արտաքին քաղաքականության արգասիքն է, դրա նյութականացման հերթական դրսևորումը: Այդ քաղաքականությունը չի նպաստել Հայաստանի նկատմամբ թե' ՀԱՊԿ և ԵԱՏՄ տարածքում, թե' դրանից դուրս բավարար հարգանքի, լրջության այնպիսի մակարդակի հաստատմանը, որը թույլ չէր տա նման իրավիճակի առաջացում` առհասարակ: Այդ դասը պետք է քաղած լինեինք դեռ 2012թ. Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից, որից հետո երբևէ ինքներս մեզ հարց չտվեցինք, թե, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց բացի, ի՞նչ արեցինք նման խայտառակություն թույլ չտալու համար: Փոխարենը գլխահակ ունկնդրում էինք ՀԱՊԿ-ում ալիևյան  նամակների նազարբաևական ընթերցումները, լուռ հետևում, թե ինչպես են Լուկաշենկոն կամ Նազարբաևը հերթով տապալում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին փոխանցելու պրոցեսը: Կասկած չկա, որ այսպիսի Հայաստանի նկատմամբ այսպիսի «լրջության» հետագա հանդուրժումը դեռ կկանգնեցի նոր «լապշինների» փաստի առջև: 

Գևորգ Դարբինյան