կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-23 12:50
Իրավական

Իրազեկում․ քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով

Իրազեկում․ քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը:

Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը: Այս արարքը պատժվում է տուգանքով` 500․000-700․000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:

Դրանից բացի, քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100․000-200․000 դրամի չափով: