կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-10 15:33
Տարածաշրջան

Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել կոշտացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել կոշտացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Մարտի 9-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Westminster սրահում, ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, այդ երկրում տիրող իրավիճակի մասին  90 րոպե տևողությամբ նիստ է անցկացվել:

Ըստ Ermenihaber-ի՝ քննարկմանը մասնակցող մոտ 20  պատգամավոր կառավարությանը կոչ է արել կոշտացնել դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի` պատգամավորները, որպես պատճառ, նշել են այն հանգամանքը, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո աճել են մարդու իրավունքների խախտման դեպքերը:

Պատգամավորները քննադատել են նաև Թուրքիայի հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարած քաղաքականությունը` պնդելով, որ  նա Անկարա կատարած այցի ժամանակ չէր խոսել այնտեղ  տեղի ունեցող խախտումների մասին, փոխարենը մեծ տեղ էր հատկացվել ռազմական և առևտրատնտեսական ոլորտներին առնչվող պայմանագրերին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թերեզա Մեյի այցի ընթացքում երկու երկրների միջև ռազմական ինքնաթիռի նախագծման համար ավելի քան 100 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ պայմանագիր էր ստորագրվել:

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Ջոան Ռայանը նշել է, որ առևտրին վերաբերող պայմանագրերը երբեք չեն կարող մարդու իրավունքների խնդրից գերակա լինել:  

Նշյալ  պայմանագրի հարցում իր մտահոգությունն էր հայտնել նաև պատգամավոր Էն Քլվիդը:  Նա նշել էր, որ Թուրքիայի կողմից գնված զենքերը, ի վերջո, օգտագործվելու են սեփական ժողովրդի դեմ:

Պատգամավորներից  ոմանք էլ քննադատել են Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրությունը և դրա շրջանակներում մամուլի և մտավորականների դեմ իրականացվող ճնշումները: Նշվել է, որ այժմ Թուրքիայում հուլիսի 15-ի գործով 40 հազարից ավելի մարդ ձերբակալված է:

Նիստի ընթացքում պատգամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել, որ իրենց երկրի որոշ իշխանամետ պատգամավորներ խուսափում են Թուրքիայի վերաբերյալ քննադատական հայտարարություններ անելուց: Իսկ պատագամավոր Ռայանն էլ ավելացրել է, որ եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը հետագայում ավելի կոշտ դիրքորոշում չցուցաբերի այս երկրի հարցում, ապա կարող է զղջալ դրա համար: