Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի խորհրդարանը ոչ միայն ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման պահանջին միջազգային հնչեղություն է առաջադրում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
«Նախ, ասեմ, որ 2000-ի նոյեմբերին համարյա նույն բովանդակությամբ բանաձեւ էր որդերգել Իտալիայի խորհրդարանը։ Այս անգամ բանաձեւը կոչ է անում գործադիրին որդեգրելու այն, ինչպես նաեւ միջազգայնացնելու խնդիրը, ինչը կարևոր քայլ է իտալիացի խորհրդարանականների կողմից»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ բանաձեւում հղում է կատարվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիային, ՄԱԿ-ի Մարդու իրավունքներու հարցերով ենթահանձնաժողովի որոշմանը,Եվրոպական խորհրդարանի 1987-ի բանաձեւին, 2015-ի Եվրոխորհրրդարանի կոչին եւ բանաձեւին։ «Կարծում եմ՝ այդ հղումները վերավկայակոչելով բանաձեւը, Հայաստանի ապաշրջափակման կամ ՀՀ-ի հետ դիվանագիտական եւ տնտեսական կապեր հաստատելու, ըստ էության, հայկական կողմի եւ Իտալիայի խորհրդարանի մոտեցումների համընկումների մասին են խոսում՝ հատկապես, առանց նախապայմանների միջպետական հարաբերություններ հաստատելու առումով»,- պարզաբանեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։
Շահան Գանտահարյանը նաև նկատեց, թե երբ տնտեսականը տարանջատվում է դիվանագիտականից, ենթադրում է, որ պահանջը անհապաղ ապաշրջափակելն է Հայաստանի Հանրապետությունը, որից հետո՝ ձեռնարկել դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացի նախապատրաստության։
«Իտալիան միանգամայն քաղաքական ամենաայժմեական խնդիրների բովանդակությամբ պահանջկոտ ուղերձներ է հղում Անկարային։ Այս այժմեականությունը շրջելու փորձ են անում Անկարայի վարիչները, երբ ուղերձների խստությունը գիտակցելով հանդերձ՝ խնդիրը ուզում են կենտրոնացած պահել պատմական էությանը վրա»,- շեշտեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը՝ պատահական չհամարելով, որ «Թուրքիայի նախագահության բանբերը Իտալիայի որոշմանն արձագանքում է ասելով, որ «որոշումը անտեսում է պատմական իրականությունները»։
«Զուտ պատմական բաժնի վրա կենտրոնացում հրավիրելով, ըստ էության, Թուրքիան ժխտում է ոչ միայն Ցեղասպանության փաստը, այլ դրա այժմեական քաղաքական հնչեղություն ապահովող Իտալիայի որոշումը»,- եզրափակեց Շահան Գանտահարյանը։